ՀԲ և ՄԱԿ-ի գնահատականներով՝ Ուկրաինայի վերականգնումը 10 տարվա ընթացքում կարժենա 588 միլիարդ դոլար
Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, Եվրոպական հանձնաժողովի և Ուկրաինայի կառավարության համատեղ գնահատականներով, որը հրապարակվել է պատերազմի սկսվելու չորրորդ տարեդարձի նախօրեին, Ուկրաինայի տնտեսության վերականգնումը հաջորդ տասնամյակում կարժենա մոտավորապես 588 միլիարդ ԱՄՆ դոլար։
Նոր գնահատականը ներառում է 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը և 12%-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ աճը մասամբ բացատրվում է վերջին մեկ տարվա ընթացքում վնասված կամ ոչնչացված էներգետիկ ենթակառուցվածքների ծավալի 21%-ով աճով։
Ընդ որում, հաշվարկները չեն ներառում 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարձակումների վերաբերյալ տվյալները, որոնք տասնյակ հազարավոր բնակիչների թողեցին առանց ջեռուցման, էլեկտրաէներգիայի և ջրի՝ տասնամյակների ամենացուրտ ձմեռներից մեկի ընթացքում։
Ուղղակի վնասը՝ 195 միլիարդ դոլար
Ըստ զեկույցի՝ ուղղակի վնասը հասել է 195 միլիարդ դոլարի, ինչը գրեթե 11%-ով ավելի է, քան նախորդ գնահատականը: Ամենաշատը տուժել են բնակարանային, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները: Դա կրկնակի ավելի է, քան 2022 թվականին հրապարակված առաջին զեկույցի գնահատականները:
«Վնասները հսկայական են և շարունակում են աճել»,- նշվում է փաստաթղթում: Հիմնական վնասը կենտրոնացած է ճակատային շրջաններում և խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում:
Տնտեսություն և ժողովրդագրություն
Պատերազմը, որն այս շաբաթ թևակոխում է իր հինգերորդ տարին, հանգեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում խոշորագույն միգրացիոն ճգնաժամին: 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ ավելի քան 6 միլիոն ուկրաինացի փախստականներ են արտասահմանում, իսկ ևս 4,6 միլիոնը՝ ներքին տեղահանվածներ:
Տնտեսական հետևանքները շարունակում են մնալ ծանր. Ուկրաինայի իրական ՀՆԱ-ն ներկայում 21%-ով ցածր է 2021 թվականի մակարդակից: Եթե պատերազմը շարունակվի, 2026 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է մոտ 2%: Եթե մինչև տարեվերջ հրադադար կնքվի, աճը կարող է արագանալ մինչև 4% 2027 թվականին և 4,5% 2028 թվականին։
Որտե՞ղ է հասցվել առավելագույն վնասը
Բնակարանային ոլորտը կրել է ամենամեծ կորուստները. բնակարանային ֆոնդի մոտավորապես 14%-ը վնասվել կամ ոչնչացվել է, ինչը կազմում է մոտավորապես 61 միլիարդ դոլար։
Տրանսպորտային ենթակառուցվածքները, դրանց թվում՝ երկաթուղիները, կրել են 40,3 միլիարդ դոլարի վնաս։ Էներգետիկ ոլորտը կորցրել է մոտավորապես 25 միլիարդ դոլար, որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումները հասել են օրական 18 ժամի։
Նյութն ամբողջությամբ՝ news.am