Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է
Հայաստանում չինացի զբոսաշրջիկների հոսքը կտրուկ աճել է։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Նա պարզաբանել է, որ 2024 թվականին Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 33 հազար, իսկ 2025 թվականին՝ արդեն ավելի քան 45 հազար։ Ըստ նրա՝ Չինաստանից ժամանող զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում ոչ միայն օդային, այլև ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի միջոցով։
Գևորգյանը հավելել է, որ եթե Հայաստանից դեպի Չինաստան լրացուցիչ չվերթներ գործարկվեն, ապա հնարավոր կլինի Վրաստանի հետ համատեղ տուրեր կազմակերպել։
Նա նաև հիշեցրել է, որ 2026 թվականի հունվարին դեպի Հայաստան ներգնա զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 170 հազարը, ինչը 40 հազարով ավելի է 2025 թվականի հունվարի համեմատ: «2025 թվականի տվյալներով՝ զբոսաշրջիկների 41%-ը ժամանել է Ռուսաստանից: Զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել նաև Վրաստանից (շուրջ 300 հազար մարդ): Բազմաթիվ զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանում նաև Իրանից», - նշել է պաշտոնյան:
Նա խոստովանել է, որ 2025 թվականին, 2024-ի համեմատ, Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել, սակայն ընդհանուր առմամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը՝ շուկաների դիվերսիֆիկացման արդյունքում, աճել է 2,7%-ով: Գևորգյանը հավաստիացրել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման որոշումից հետո այդ պետություններից զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: Նա նաև հայտնել է Ռումինիայից զբոսաշրջիկների կտրուկ աճի մասին, ինչը տեղի է ունեցել դեպի Հայաստան մատչելի չվերթների գործարկումից հետո:
«Ակտիվություն է նկատվում նաև եվրոպական այլ երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից (աճը կազմել է 15%)», - ընդգծել է Գևորգյանը և հավելել, որ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը Հայաստան այցի ժամանակ նշել էր՝ վրացիները սիրում են Հայաստանի գիշերային կյանքը, ու գալիս են Հայաստան ուրախ ժամանակ անցկացնելու:
2025 թվականի արդյունքներով՝ զբոսաշրջիկների 41 տոկոսը ժամանում է Ռուսաստանից, այնուհետև աճ է գրանցվել Վրաստանից ժամանող զբոսաշրջիկների ուղղությամբ՝ մոտ 300,000 մարդ, դրան հաջորդում են Իրանից եկողները: Տարբեր երկրներում գործիքները տարբեր են, Ռուսաստանի դեպքում ունենք սահմանափակումներ՝ կապված սոցցանցերի հետ, բայց անցած տարի 2 անգամ մեծ արշավ իրականացրեցինք:
Դեկտեմբեր ամսին Հայաստանում տեղի ունեցած գեղեցիկ արշավների արդյունքում՝ հունվարին ունեցել ենք 40,000-ով ավելի զբոսաշրջիկ, նրանց թիվը հասել է 170,000-ի: Մենք կարծում ենք, որ թվային գործիքները շատ լավ են աշխատում»,- նշել է նա: