Եվրահանձնաժողով․ Հայաստանով անցնող երկաթուղային կապը կարող է 25%-ով արագացնել ապրանքների առաքումը
Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարավային երկաթուղային կապը Հայաստանի Սյունիքի մարզով կարող է ճանապարհի տևողությունը կրճատել 25%-ով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու համեմատ։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի հետազոտության մեջ։
«Եվրոպական միությունը Սև ծովը և հարակից երկրները համարում է առանցքային դարպասներ, որոնք կապում են Եվրոպան Թուրքիայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանների հետ:
ԵՄ-ի համար Թուրքիայի, Արևելյան գործընկերության տարածաշրջանի՝ ներառյալ Հարավային Կովկասի, և Կենտրոնական Ասիայի հետ տրանսպորտային կապի բարելավումը կարող է ապահովել հումքի և ապրանքների ավելի արագ ու հուսալի ներմուծում, ինչպես նաև արտահանման նոր շուկաներ բացել ողջ Եվրասիայում, ինչը կհանգեցնի փոխշահավետ առևտրի զարգացմանը:
Այս համատեքստում, Հյուսիսային միջանցքի հուսալիության նվազման և Հարավային երթուղու զարգացման դանդաղման ֆոնին, Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը դիտարկվում է որպես Եվրոպայի և Ասիայի միջև կայուն, դիվերսիֆիկացված և աշխարհաքաղաքական առումով դիմակայուն մուլտիմոդալ տրանսպորտային կապի ամենահեռանկարային ուղղություն:
Բացի այդ, տարածաշրջանում բեռնափոխադրումների զգալի աճը և օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարող են էլ ավելի ամրապնդել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի դիրքերը՝ որպես կայուն ու դիվերսիֆիկացված տարածաշրջանային կապի ամենակենսունակ երթուղի:
Վերջին տարիներին Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի երկայնքով ենթակառուցվածքներում ներդրումների կտրուկ աճ է նկատվում, թեև դեռևս պահպանվում են զգալի խնդիրներ և «խցանումներ»՝ թե՛ նյութական ենթակառուցվածքների, թե՛ տրանսպորտային հասանելիության ապահովման հարցում։ Այս խնդիրները տատանվում են համեմատաբար արագ լուծումներից, որոնք թույլ են տալիս մեծացնել ծանրաբեռնված հանգույցների թողունակությունը (օրինակ՝ սահմանային անցակետերի արդյունավետության բարձրացումը), մինչև նոր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված երկարաժամկետ ներդրումները (օրինակ՝ նոր նավահանգիստ):
Որպես կանոն, Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի քննարկման ժամանակ Չինաստանից Եվրոպա երթուղու հիմնական դերակատարներ են նշվում Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան։ Սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Ուկրաինան, նույնպես կարևոր դեր ունեն:
Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կարող է օգուտներ բերել նաև Հարավային Կովկասում վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապերի վերականգնման արդյունքում։ Սա կարող է օգնել դիվերսիֆիկացնել առևտրային երթուղիները՝ պոտենցիալ թոթափելով ներկայիս ծանրաբեռնված հատվածները։ Այն կարող է նաև զգալիորեն բարելավել Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին զուգահեռ՝ հնարավորություններ են ստեղծվում վերականգնելու տրանսպորտային կապերը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որոնք պոտենցիալ կերպով կարող են դիտարկվել տարածաշրջանում Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) հետագա ընդլայնման համար։ Սյունիքով անցնող երթուղին, որը ներկայացվում է որպես Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (TCTC) վրացական հատվածի այլընտրանք, կարող է զգալիորեն բարելավել տարածաշրջանային տրանսպորտային հասանելիությունը:
Այս կապերի վերականգնումը կամրապնդի տնտեսական համագործակցությունը, կխթանի անդրսահմանային առևտուրը և կբարձրացնի միջանցքի դիմակայունությունն ու դիվերսիֆիկացումը՝ երթուղիների նոր տարբերակների ավելացման շնորհիվ:
Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարավային երկաթուղային կապը Հայաստանի Սյունիքի մարզով կարող է ճանապարհի տևողությունը կրճատել 25%-ով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու համեմատ։
Տարածաշրջանային շահագրգիռ կողմերն ակտիվորեն առաջ են մղում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման նախաձեռնություններ։ Այս ջանքերն արտացոլում են կառավարման տարբեր մոդելներ և ռազմավարական նպատակներ, սակայն միասին վերցրած վկայում են տրանսպորտային հասանելիության վերականգնման ուղղությամբ շարժի մասին։ Մասնավորապես, հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կենտրոնանում է ինքնիշխանության և փոխադարձ հասանելիության վրա՝ ներառելով թե՛ հյուսիսային, թե՛ հարավային միացումները, մինչդեռ TRIPP-ը շեշտը դնում է Սյունիքով անցնող հարավային երթուղիների վրա:
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ուղղված է տարածաշրջանային տրանսպորտային հասանելիության ամրապնդմանը՝ փոխադարձ հասանելիության միջոցով։ Այն առաջարկում է յոթ նոր ավտոմոբիլային անցակետ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին, ինչպես նաև երկաթուղիների առանցքային հատվածների վերականգնում։ Իսկ TRIPP-ը նախատեսում է նմանատիպ միջանցքի ստեղծում ԱՄՆ-ի կողմից երկարաժամկետ վարձակալության շրջանակում, որն ավելի լայնորեն կապված կլինի Ադրբեջանում (այդ թվում՝ Նախիջևանում) և Թուրքիայում երկաթուղային ենթակառուցվածքների ընթացիկ նախագծերի հետ։
Ըստ փորձագետների, ոչ արդյունավետ անդրսահմանային գործառնությունները կարող են զգալիորեն նվազեցնել այս առավելությունները, հատկապես այն ապրանքների համար, որոնք պահանջում են շտապ առաքում և ունեն բարձր արժեք։ Հայաստանի՝ որպես Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու անբաժանելի մասի ներուժի իրացումը կպահանջի ոչ միայն ենթակառուցվածքային ներդրումներ, այլև համակարգված քաղաքական գործողություններ՝ երկաթուղային և անդրսահմանային լոգիստիկ ծառայությունների արդյունավետությունն ու մրցունակությունն ապահովելու համար:
Չնայած այս զուգահեռ պլաններին և ընթացող աշխատանքներին՝ ԵՄ-ն հնարավորություն ունի ձևավորել ինքնիշխանությունը հարգող և կանոնների վրա հիմնված մոդել, որը համապատասխանում է փոխկապակցվածության իր սկզբունքներին և ապահովում է արդյունավետ, փոխշահավետ կապ տարածաշրջանային բոլոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար», նշված է հետազոտության մեջ։