Բիտումի խնդիր չկա. ունենք հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում. Փամբուխչյան

Բիտումի խնդիր չկա. ունենք հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում.  Փամբուխչյան

Երևանում փոսալցման աշխատանքների իրականացման հարցում բիտումի խնդիր չկա։ Այս մասին ասուլիսում հայտնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

«Բայց ունենք հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում։ Ունենք դեպքեր, մասնավորապես՝ այսօր պարզել ենք, որ Վարդանանց փողոցում փոսալցում կատարվել է առանց բիտումի։ Այդ ասֆալտը քանդվելու է և ամբողջությամբ՝ շինարարի հաշվին, այսինքն՝ քաղաքապետարանն այդտեղ գումար չի ծախսելու և ստանալու են այն փոսալցումը, որ նախատեսված է ավագանու որոշումներով ու ընթացակարգերով», – ասել է նա։

Ըստ պաշտոնյայի, փոսալցման աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն նաև գծանշման աշխատանքները.«Քանի որ հիմա փոսալցման լայնամասշտաբ աշխատանքներ ենք իրականացնում, դրանք ավարտելուն պես նոր կիրականացվեն գծանշումները։ Երբ փողոցներն ավարտվեն ամբողջությամբ, նոր դիմում ենք համապատասխան վարչությանը, որ գծանշման աշխատանքներ կատարվեն։ Բայց քանի որ դեռ հատվածային լուծումներ ենք տալիս ներկա պահին, ավարտելուն պես՝ 10-15 օրից, երբ ավարտենք տվյալ իրավիճակով պայմանավորված փոսալցումները, այնուհետև կիրականացնեն գծանշման աշխատանքները»: