Մոդուլային ատոմակայան կառուցելու որոշումն ընդունվել է Հայաստանի էներգետիկ համակարգին նաև լրացուցիչ ճկունություն հաղորդելու նպատակով

Մոդուլային ատոմակայան կառուցելու որոշումն ընդունվել է Հայաստանի էներգետիկ համակարգին նաև լրացուցիչ ճկունություն հաղորդելու նպատակով

Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցմանն առնչվող հիմնական հարցերը նախատեսվում է հստակեցնել այս տարվա վերջին կամ 2027 թվականի ընթացքում: Դրանից հետո կսկսվի նախագծման փուլը, որին կհաջորդի կապալառու ընկերության որոշումը և շինարարական աշխատանքների մեկնարկը:  

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:  

Նա նշեց, որ շարունակվում է տարբեր երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստանի, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի շուրջ մեկ տասնյակ ընկերությունների առաջարկների ուսումնասիրությունը: Ընտրվելու է Հայաստանի էներգետիկ համակարգի կարիքներին և առանձնահատկություններին համապատասխանող, նաև ֆինանսական տեսանկյունից առավել նպատակահարմար տարբերակը: Միայն դրանից հետո կորոշվի կառուցվելիք ատոմակայանի մոդելը:

«Այս պահին Հայաստանի կառավարությունը որոշել է միայն ատոմակայանի տեսակը՝ փոքր ռեակտորներից կազմված մոդուլային ատոմակայան: Նման ատոմակայան կառուցելու որոշումն ընդունվել է հաշվի առնելով տարբեր գործոններ, ամենից առաջ՝ Հայաստանի էներգետիկ համակարգին լրացուցիչ ճկունության հաղորդումը»,- նշեց նախարարը:  

Թեմայի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ դիտելով Դավիթ Խուդաթյանի հետ հարցազրույցի տեսանյութը։