Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն այցելել է «Մելիորացիա» ՓԲԸ
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի «Մելիորացիա» ընկերություն կատարած այցի ընթացքում տնօրեն Սասուն Միրոյանը մանրամասն ներկայացրել է վերջին հինգ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները։ Հանդիպմանը մասնավորապես ներկայացվել է մաքրված դրենաժային համակարգերի երկարությունը, ծավալային աշխատանքների համեմատական տվյալները, կոլեկտորադրենաժային ցանցերից դուրս եկող գրունտային և այլ ջրերի հոսքի ծավալները։
Անդրադարձ է կատարվել ՀՀ Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող և Տաշիր գետերի հուների խնդրահարույց հատվածների մաքրման և հակահեղեղային միջոցառումներին ու մաքրման աշխատանքներին, որոնք 2025 թվականին իրականացրել է ՓԲԸ-ն։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը կարևորել է կոլեկտորադրենաժային համակարգերի պատշաճ շահագործումն ու պահպանությունը՝ ընդգծելով, որ Արարատյան հարթավայրում գրունտային ջրերի մակարդակի և որակի պարբերական մշտադիտարկումը մեծ նշանակություն ունի ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության համար։ Նա նշել է, որ համակարգված և հետևողական աշխատանքը կնպաստի ոլորտի արդյունավետության բարձրացմանն ու պետական միջոցների նպատակային օգտագործմանը։
Քննարկվել են նաև 2026 թվականին նախատեսված «Կոլեկտորադրենաժային ցանցերի պահպանում և շահագործում» ծրագրի շրջանակում պետական բյուջեի միջոցներով իրականացվելիք ծավալային և ոչ ծավալային աշխատանքները, ինչպես նաև Արարատյան հարթավայրի գրունտային ջրերի մակարդակի և որակի որոշման աշխատանքները։
Ջրային կոմիտեի նախագահը, նախագահի տեղակալն ու «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրենն այցելել են ընկերության կազմում գործող լաբորատորիա, արձանագրել, որ այն ունի ինչպես հիմնանորոգման, այնպես էլ զգալի վերազինման կարիք։