«Թափանցիկ աշխատող տաքսիստները պիտի կարողանան վարկավորվել»․ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քննարկում է նախաձեռնել Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Յանդեքս» ընկերության հետ՝ հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով։ Այդ մասին նախարարը հայտնել է Facebook -ի իր էջում՝ հավելելով, որ այլ պլատֆորմները ևս կարող են միանալ քննարկմանը։
«Եթե կան տաքսու վարորդներ, ովքեր չունեն դասակարգված վարկեր, վճարում են հարկեր իրենց գործունեությունից ու չեն կարողացել վարկավորվել իրենց թափանցիկ եկամուտներին համապատասխան, խնդրում եմ դիմել ձեզ սպասարկող ընկերությանը, օրինակ «Յանդեքս»-ին, այնուհետև վերջիններս մեզ կփոխանցեն տվյալները՝ դեպք առ դեպք բանկերի հետ քննարկելու համար»,- գրել է Պապոյանը։