ՀԱԷԿ–ի համար ռեզերվային ճգնաժամային կենտրոն կկառուցվի Իսակովի պողոտայում

ՀԱԷԿ–ի համար ռեզերվային ճգնաժամային կենտրոն կկառուցվի Իսակովի պողոտայում

ՀՀ կառավարությունն իր փետրվարի 19–ի նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ կանոնադրական կապիտալում գույք ներդնելու մասին որոշում կայացրեց։

Այս որոշումը պայմանավորված է ՀԱԷԿ–ի կողմից Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման և զինման գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումը պայմանավորված է ԱԷԿ անվտանգության հիմնական կանոնների պահանջներով։

Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման և զինման նպատակով իրականացվել է Իսակովի պողոտա 50/12 հասցեում գտնվող 2.2812 հեկտար ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության տարածքի չափագրում և սահմանազատում:

Արդյունքում առանձնացվել է 0.1717 հեկտար մակերեսով տարածք, որին տրվել է նոր հասցե։ Նշված հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն գույքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, ինչն էլ խոչընդոտում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից գույքի հետ կապված մի շարք գործարքներ կատարելուն։

Որոշման նպատակն է գույքը ներդնել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կանոնադրական կապիտալում, ինչը թույլ կտա «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից գույքի հետ կապված մի շարք գործարքներ կատարելուն, ինչպես օրինակ՝ կոմունիկացիաների անցկացման վերաբերյալ պայմանագրերի կնքում, գույքահարկի վճարում և այլն:

Այս որոշմամբ ակնկալվում է ավարտին հասցնել Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումը և գույքը ներդնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում 98.023.000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով, ավելացնելով Ընկերության կանոնադրական կապիտալը: