«Ագարակ» անցակետում սկզբում բեռնաթափել են ապրանքը, նոր կապարակնքել. Ինչպիսին է հարկերից խուսափելի մեխանիզմը

«Ագարակ» անցակետում սկզբում բեռնաթափել են ապրանքը, նոր կապարակնքել. Ինչպիսին է հարկերից խուսափելի մեխանիզմը

2025 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչը, «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11.372.640 ՀՀ դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռի առկայությունը դիտավորությամբ թաքցրել են, բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը: Այս մասին տեղեկանում են  Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այս դեպքից, նաև ցուցադրվել են օպերատիվ գաղտնի տեսագրված նյութեր։ Մասնավորապես, բացահայտել է Ագարակ մաքսային անցակետում տեղի ունեցած հանցավոր սխեման.  կադրերում երևում է ինչպես է Իրանից Հայաստան մուտք գործում «Ֆոտոն» մակնիշի բեռնատարը, որում ի թիվս այլնի բեռնված է եղել նաև Arm Arm Group ընկերության համար նախատեսված 596 կգ ապրանք։

Մաքսային հսկման գոտում բեռնատարին սպասել են ՊեԿ–ի պետական սահմանային ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման հսկողության վարչության թիվ 14 բաժնի պետի տեղակալը և «Փարսայան» միջազգային բեռնափոխադրումներ ընկերության ներկայացուցիչը։

Իրանի քաղաքացի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը՝ բեռնատարը վարելով դեպի անցակետի մաքսային տեսազննման հատված։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հովիկ Սարգսյանի խոսքով, բեռնատարը ռենտգեն հսկման չի ենթարկվել, թեեև կոնտեյներում առկա է եղել ռենտգեն հսկման ենթակա մի շարք իրավաբանական ֆիզիկական անձանց պատկանող բեռներ, այդ թվում «Արմար Գրուպ» ՍՊԸ ընկերության պատկանող բեռները, որոնց մաքսային արժեքը կազմել է 38 մլն 851 հազար դրամ, իսկ մաքսային վճարման ենթակա գումարը եղել է 11 մլն 372 հազար դրամը։

Arm Arm Group ընկերության բեռների մեջ եղել է Sony մակնիշի 40 խաղային վահանակներ, Apple AirPods բջջային հեռախոսների 300 անլար ականջակալ, Dyson տեսակի 56 վարսահարդարիչ, 60 PlayStation 5։

Փաստացի առանց ռենգեն հսկողության բեռնատարը մոտեցել է կշռման հատվածին, որտեղ պետք է կապարակնքվեր։ Մեքենան չի կապարակնքվել, որը պետք է իրականացներ կշեռքի հատվածում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչը։

Մաքսային տեսուչը կապարակնիքը առանձնացրել և պահել է իր մոտ, հետագայում բաժնի պետի տեղակալին փոխանցելու նպատակով։ Բեռնատարը առանց կապարակնքման շարժվել է դեպի կայանատեղի։

Ավտոմեքենայի բեռի վերաբերյալ կազմված փաստաթղթերը բեռնատարի վարորդը և ընկերության ներկայացուցիչը հանձնել են մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետի տեղակալին։ Փաստաթղթերի մեջ ներառված չեն եղել Arm Arm Group-ին պատկանող բեռների մասին տվյալներ, այնուհետև բաժնի պետի տեղակալը բեռնատարի խցիկում վարորդի կողքին նստած դուրս է եկել Ագարակ մաքսային անցակետից։ Շուրջ 200 մետր հեռավորության վրա բաժնի պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է, ամբարձիչի միջոցով դուրս է բերվել Arm Arm Group ՍՊԸ ընկերության համար նախատեսված 596 կգ բեռը, որից հետո միայն բեռնատարը կապարակնքվել է։

Այս ամենի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ 11 միլիոն 372 640 դրամ։

Մաքսային սպասարկման և հսկողության թիվ 14 բաժնի պետը և մաքսային տեսուչը մեղադրվում են «Փարսայան» միջազգային բեռնափոխադրումներ ընկերության ներկայացուցչի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ծառայողական լիազորությունները ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելու համար:

Թիվ 14 բաժնի պետի նկատմամբ որպես խափամիջոց է կիրառվել կալանքը, նույն խափամիջոց նաև կիրառվել է Փարսայան միջազգային բեռնափոխադրումներ ընկերության ներկայացուցչի նկատմամբ, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամի գրավ, բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում։

Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը հանձնվել են հակակոռուպցիոն դատարան։