Սևան քաղաքի մշակույթի պալատը նորոգվում է
Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճի բեմի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այս նախաձեռնությունն իրողություն է դարձել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:
«GIZ-ը համագործակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հանրային ոլորտի նորարարության օբսերվատորիայի հետ՝ Հայաստանում քաղաքացիակենտրոն ծառայությունների նախագծումը խթանելու նպատակով։ Դեռևս 2024 թվականից Սևան համայնքի ներկայացուցիչները, ի թիվս 10 համայնքի ներկայացուցիչների, մասնակցել են աշխատաժողովներին, որոնց ընթացքում ծանոթացել են համապատասխան մեթոդաբանությանը՝ իրենց համայնքներում առկա մարտահրավերների ուղղությամբ համատեղ աշխատելու համար: Աշխատաժողովների ընթացքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքներն օգնել են տեղային հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքներին՝ ուղղված բնակչության կարիքներին ավելի լավ արձագանքմանը և տեղական ծառայությունների որակի բարելավմանը։
Հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքների առաջին արդյունքը մշակույթի պալատի բեմի վերանորոգումն է, կահավորումը, տեխնիկական վերազինումը, որը նոր շունչ ու բովանդակություն կհաղորդի Սևան համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու ակտիվացմանը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: