Արաբկիրի ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք

Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են իր ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ։

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, իսկ համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց միայն փետրվարի 10-ին։

Համայնքային ոստիկաններն այդ օրը ստացան տեղեկություն, որ հայելիների գողությունը կատարել է Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ։

Նույն օրը՝ ժամը 17-ին, Արամ Խաչատրյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ավտոմեքենայի կողային հայելու զույգ ապակիներ, բջջային երեք հեռախոս և գաղտնի փականով դանակ։