Հայաստանի բջջային օպերատորները հայտնվել են պետության տեխնիկական վերահսկողության ներքո

Հայաստանի բջջային օպերատորները հայտնվել են պետության տեխնիկական վերահսկողության ներքո

Հայաստանի կառավարությունն անցյալ տարի ձեռք է բերել բջջային ցանցերի չափման և թեստավորման ժամանակակից սարքավորում՝ գերմանական հայտնի Rohde & Schwarz ընկերության TSMA6-ը։ Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ նոր ձեռքբերման շնորհիվ պետությունը հնարավորություն է ստացել ինքնուրույն գնահատել երկրի տարբեր տարածաշրջաններում ծածկույթի իրական մակարդակը և կապի որակը, ինչպես նաև օպերատորների կողմից կիրառվող տեխնոլոգիաները։ Սահմանված ընթացակարգերի համաձայն՝ այդ տվյալները փոխանցվում են կարգավորողին, որն իրականացնում է վերահսկողություն օպերատորների կողմից լիցենզիոն պայմանների պահպանման նկատմամբ։ Ըստ Հայրապետյանի՝ սա նշանակում է վերահսկողության ողջ համակարգի հիմնարար փոփոխություն. կարգավորողն այժմ կարող է հենվել անկախ չափումների վրա և խախտումների կամ թերությունների հայտնաբերման դեպքում հասցեական աշխատել օպերատորների հետ՝ համագործակցության շրջանակներում դրանք վերացնելու ուղղությամբ։

Նախարարը հայտնել է, որ Rohde & Schwarz TSMA6 չափիչ սարքի և NESTOR ծրագրային ապահովման կիրառմամբ առաջին անգամ իրականացվել են երկրի բոլոր բջջային օպերատորների 4G LTE տեխնոլոգիայի ծածկույթների մասշտաբային թեստավորումներ՝ drive test մեթոդով։ Ստացված բոլոր տվյալներն արտացոլվում են ինտերակտիվ քարտեզի վրա, ինչը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել կապի խնդրահարույց հատվածներին և մատուցվող ծառայությունների որակին երկրի ողջ տարածքում։

Այս չափումների վերաբերյալ ամբողջական հաշվետվությունն ապրիլին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կներկայացվի Ազգային ժողովին և կհրապարակվի լայն հանրության համար, սակայն գերատեսչության ղեկավարը որոշ տվյալներ ներկայացրեց արդեն հիմա։

Չափումների արդյունքներով՝ Երևան – Երասխ, Նորավանք, Տաթև, Կապան, Մեղրի ուղղություններով և պետական սահմանի հատվածներում ծածկույթի ցուցանիշները դասակարգվել են չորս կատեգորիաների՝ «լավ», «միջին», «վատ» և «ծածկույթի բացակայություն»։ Այսպես, Ucom օպերատորի մոտ արձանագրվել է 48% լավ ծածկույթ, 19% միջին, 11% վատ և 22% ծածկույթից զուրկ հատվածներ։ Team Telecom Armenia ընկերության ցուցանիշները կազմել են 47% լավ, 18% միջին, 12% վատ և 23% առանց ծածկույթի։ Viva Armenia-ի մոտ՝ 55% լավ, 22% միջին, 10% վատ և 13% ծածկույթի բացակայություն։

Երևան – Սևան – Իջևան ուղղություններով լավ ծածկույթի մասնաբաժինը կազմել է 73%՝ Ucom-ի, 54%՝ Team Telecom Armenia-ի և 61%՝ Viva Armenia-ի մոտ։ Երևան – Արմավիր – պետական սահման հատվածում լավ ցուցանիշներ են գրանցվել Ucom-ի մոտ՝ 80%, Team Telecom Armenia-ի մոտ՝ 76% և Viva Armenia-ի մոտ՝ 75% մակարդակում։ Նորավանքի խաչմերուկի բարդ հատվածներում, Գորիս – Տեղ – Կոռնիձոր – պետական սահման ուղղություններով լավ ծածկույթի ցուցանիշները կազմել են 29%՝ Ucom-ի, 47%՝ Team Telecom Armenia-ի և 48%՝ Viva Armenia-ի մոտ։