Երևանի մայթերին մնացած ավազի մաքրման գործընթացը քննարկվել է քաղաքապետարանում
Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո փողոցներում և մայթերին մնացած ավազի մաքրման գործընթացը կավարտվի առաջիկա 1 շաբաթում։ «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ նկատել է, որ կույտերով ավազ է հավաքվում, ու չի հաշվարկվում, որ գուցե տեղումներ լինեն։ Ավինյանն ընդգծեց՝ այդ կույտերն անմիջապես պետք է հավաքվեն։
«Այս պահին ինտենսիվորեն շարունակվում են ավազի մաքրման աշխատանքները։ Ուղղակի տեղումների ժամանակ որոշակիորեն բարդություն է առաջանում։ Կդժվարանամ տոկոս ասել, թե որքան մասն ենք քաղաքի մաքրել, բայց բարենպաստ պայմաններ լինելու դեպքում մենք 1 շաբաթում ամեն ինչ կավարտենք»,- վստահեցրեց Կատվալյանը։