Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ Արմավիր քաղաքում․ մի քանի շենքերի բակերն ու նկուղները ողողված են կեղտաջրերով
Տևական ժամանակ է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բազմաբնակարան շենքերի և սեփական տների բնակիչներից, սննդի, գեղեցկության, առևտրի սրահների աշխատակիցներից SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ ամիսներ շարունակ իրենք քնում-զարթնում են գարշահոտ, հակասանիտարական վիճակում։
Ու դրա հիմնական մեղավորը ու պատասխանատուն Արմավիրի մարզպետն է, Արմավիրի քաղաքապետն է և «Վեոլիա Ջուր»-ն է։
Այսօր՝ փետրվարի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Ամբողջ Բաղրամյան փողոցով անցնելիս չես կարող գարշահոտը չզգալ, հոտն անգամ կես կմ-ից է զգացվում, գրեթե բոլոր դիտահորերը լցված են կեղտով, չի քաշում։
Էդ դիտահորերի խողովակները անցկացվել են սովետական տարիներին, ու ԽՍՀՄ փլուզումից հետո սնկի պես ավելացան շենք-շինությունները, օբյեկտները, ու բոլորը իրենց կոյուղիների խողովակները երևի թե միացրել են մի ջրահեռացման խողովակի, ինչն էլ շատ հաճախ դառնում է խցանումների պատճառ, ու ամբողջ կեղտաջրերը լցվում են շենքերի նկուղներ, անգամ առաջին հարկի տներ, խաղահրապարակներ»։
Քանի ամիս է դիմել ենք Արմավիրի մարզպետարան, Արմավիրի քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի օգուտ, ոչ մի շարժ։
Ով է տեսել 21-րդ դարում նման իրավիճակ։
Վճարումները կանոնավոր կատարում ենք, բայց ստանում ենք զրո սպասարկում։ Ասում են՝ կանենք, արդեն 3 ամիս է անում են, իսկ «Վեոլիա Ջուրը» էլ միայն փողերն է հավաքում։
Հսկայական շենքեր են, էդ շենքերի բնակիչներս վաղը դառնալու ենք թափառաշրջիկ, քանի որ կեղտաջրերը նաև վնասում են շենքերի հիմքերը, համ էլ վարակի բուն են։
Ո՞վ պետք է էս խնդիրը կարգավորի։ Ոչ Արմավիրի մարզպետարանից, ոչ Արմավիրի քաղաքապետարանից, ոչ էլ «Վեոլիա Ջուր»-ի Արմավիրի մասնաճյուղից ոչ մի լավ ակնկալիք չունենք. դրանք միայն իրենց կաբինետներում թափաններն են լցնում։ Հեչ էլ որ բնակիչները, որոնց թիվը անցնում է 1000-ը, էս օրն են ընկել։
Հետաքրքիր է՝ էս հակասանիտարական վիճակը, եթե լիներ մարզպետի, քաղաքապետի ու «Վեոլիա Ջուր»-ի պատասխանատուների բնակվող շենքում, ինչ էին անելու։ Վստահ ենք՝ ժամերի ընթացքում էս գարշահոտ հակասանիտարական վիճակը կվերացնեին, մինչդեռ տպավորություն է ստեղծվում, որ դրանց համար մարդը, տվյալ դեպքում՝ սպառողը, արժեք չունի։
Կարևորը իրենք են ու իրենց աթոռները, ու տեղին է հիշել մեծն Սևակի «Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում» խոսքը։
Տվյալ դեպքում հազարավոր Արմավիրցիներ աշխարհն են շալակած տանում, իսկ մի քանի չինովնիկներ ելել են շալակն աշխարհի»։