Չինական արժեթղթերը հասանելի կլինեն Վրաստանում
Վրաստանի Ազգային բանկը մուտք է ստացել աշխարհի խոշորագույն ֆինանսական շուկաներից մեկին՝ Չինաստանի միջբանկային պարտատոմսերի շուկային (CIBM), հայտարարել է կարգավորող մարմինը։
CIBM-ին մուտք գործելու համաձայնագիրը ձեռք է բերվել Չինաստանի Կենտրոնական բանկի հետ Վրաստանի Ազգային բանկի պատվիրակության Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրված հուշագրի շրջանակներում։
Դրանից հետո Վրաստանի Ազգային բանկը ակտիվ բանակցություններ է սկսել Չինաստանի Կենտրոնական բանկի հետ՝ չինական միջբանկային պարտատոմսերի շուկա մուտք գործելու և համապատասխան համաձայնագրեր կնքելու համար։
«Չինաստանի միջբանկային պարտատոմսերի շուկան օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների, այդ թվում՝ կենտրոնական բանկերի համար չինական պարտատոմսերի շուկա ուղղակի մուտք գործելու հիմնական ուղիներից մեկն է։ Այս շուկա մուտք գործելը կբարելավի Վրաստանի Ազգային բանկի ներդրումային հնարավորությունները և կնպաստի նրա միջազգային պահուստային պորտֆելի դիվերսիֆիկացիային և ռիսկերի կառավարման արդյունավետությանը», — նշել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նատիա Թուրնավան։
Նրա խոսքով՝ նոր շուկայի զարգացման հետագա քայլերը կիրականացվեն փուլերով և հիմնված կլինեն շուկայի գործառնական միջավայրի, հաշվարկային մեխանիզմների, իրավական շրջանակի և ռիսկերի գնահատման վրա։
CIBM ներդրումային համաձայնագիրը, որի համաձայն Չինաստանի Կենտրոնական բանկը Վրաստանի Ազգային բանկին կտրամադրի այս շուկայում գործունեության համար անհրաժեշտ հիմնական ծառայությունները, ներառյալ առևտրի, հաշվարկային և պարտատոմսերի պահպանման ծառայությունների աջակցությունը, ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 23-ին։
Այս տարվա փետրվարին Վրաստանի Ազգային բանկի համար հաշիվներ են բացվել ինչպես Չինաստանի Կենտրոնական բանկում, այնպես էլ CIBM-ի դեպոզիտար ենթակառուցվածքներում։