Քյոլնի թանգարանի տակ հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների հին սանդուղքի, սրբատեղիի և բազիլիկի ավերակներ

Քյոլնի թանգարանի տակ հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների հին սանդուղքի, սրբատեղիի և բազիլիկի ավերակներ

Գերմանիայում հնագետները հազվագյուտ և տպավորիչ հայտնագործություն են արել. Քյոլն քաղաքի պատմական կենտրոնում՝ ավելի ուշ կառույցների շերտերի տակ, հայտնաբերվել է հին հռոմեական սանդուղք, որը, հավանաբար, նահանգապետի պալատը միացնում էր Հռենոս գետին, գրում է Interesting Engineering-ը։

Գտածոն հայտնաբերվել է MiQua թանգարանի հնագիտական թաղամասում իրականացվող պեղումների ժամանակ, որտեղ այցելուների համար նոր ստորգետնյա երթուղու կառուցման ընթացքում բացահայտվում են քաղաքի անտիկ անցյալի գաղտնիքները։

Քարե աստիճանները թվագրվում են մ.թ. I դարի առաջին կեսով և պրետորիումի՝ նահանգի հռոմեական կառավարչի պաշտոնական նստավայրի մաս են կազմում։ Հնագիտական վայրերում նման սանդուղքներ հազվադեպ են հանդիպում. հնում քարե աստիճանները հիմնականում հանում և վերօգտագործում էին այլ կառույցներում։ Այս դեպքում սանդուղքը պահպանվել է այն պատճառով, որ պալատական համալիրի հետագա հռոմեական ընդլայնումը ծածկել ու քայքայումից պաշտպանել է դրա միջնամասը։

Բացի սանդուղքից, պեղումները բացահայտել են նաև հռոմեական ճարտարապետության այլ տարրեր։ Սենյակներից մեկում հայտնաբերվել է լարարիում՝ տնային մասնավոր սրբատեղի, որն առաջին անգամ է հանդիպում Ալպերից հյուսիս։ Խորշում պահպանվել են դեկորատիվ ծեփակերտի հետքեր, մեխերի անցքեր, որոնցով, հավանաբար, ամրացվել են ծաղկաշղթաներ կամ զարդեր, և սվաղի վրա ներկի մնացորդներ։ Սա վկայում է այն մասին, որ հռոմեացի բնակիչները տարածքն օգտագործել են պաշտամունքային նպատակներով։

Բացի այդ, ժամանակակից շերտերի տակ գտել են IV դարի բազիլիկի հսկայական հիմքեր։ Դրանց հիմքում հրաբխային ապարների և կրաքարի հաստ շերտեր են՝ ամրացված խիտ շաղախով. հենց դրանց զանգվածեղությունն է ապահովել կառույցի պահպանվածությունը գրեթե երկու հազար տարի։

Այս բոլոր տարրերը՝ սանդուղքը, սրբատեղին և բազիլիկի հիմքերը, այսուհետ կլինեն ստորգետնյա թանգարանային ցուցադրության մաս, որն այցելուներին բացառիկ հնարավորություն կտա տեսնելու հռոմեական Colonia Claudia Ara Agrippinensium քաղաքի զարգացումը։ Այն ժամանակակից Գերմանիայի տարածքում Հռոմեական կայսրության կարևորագույն կենտրոններից էր։ Հայտնաբերված օբյեկտները լույս են սփռում գրեթե երկու հազար տարի առաջ այստեղ ապրած հին հռոմեացիների ճարտարապետության, առօրյա կյանքի և կրոնական սովորույթների վրա։