Ես վստահ չեմ, որ Երևանում նոր կառուցված ճանապարհ է քանդվել աղի պատճառով. ՏԿԵ նախարար
Մենք 2025 թվականի ընթացքում ճանապարհային ցանցի էական բարելավում ենք ունեցել, ներառյալ որակական չափանիշները, արդյոք կատարյալ են կառուցվում ճանապարհները, ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճանապարհների որակն իրեն գոհացնում է։
«Դրանք ռեսուրսների խնդիր են, բայց նաև շինարարական ընկերությունների և առաջին հերթին շինարարական ընկերությունների ռեսուրսների խնդիր են։ Բայց այն, որ այս ուղղությամբ էական դրական առաջընթաց կա, դրա մասին փաստում են նաև քաղաքացիները։ Պիտի ասեմ, որ մենք նախորդ տարվա ընթացքում շուրջ երեք անգամ ավելացրել ենք պետական լաբորատորիայի միջոցով լաբորատոր հետազոտությունների ծավալը։ Մենք շուրջ 11 000 լաբորատոր նմուշառում ենք իրականացրել պետական միջոցներով կառուցված և ճանապարհային դեպարտամենտի պատվերով կառուցված բոլոր ճանապարհներից։ Նմուշառում է իրականացնում պետական լաբորատորիան։ Այդ մասով ավելի քան 4000 նմուշառում ենք իրականացրել, ինչը եռակի ավել է, քան 2024 թվականին իրականացրածը։
Մենք ավելացնում ենք նաև ճանապարհային դեպարտամենտի կարողությունները, շինարարները ավելացնում են իրենց կարողությունները՝ նոր տեխնիկա, ավելի պրոֆեսիոնալ աշխատուժ և մենք գնում ենք ճանապարհային ցանցի յուրաքանչյուր տարի ավելի բարելավման ճանապարհով։ Քաղաքացիները դա նկատում են և առնվազն իրենցից ստացած ինֆորմացիան դրա մասին է խոսում»,–ասաց նախարարը։
Դիտարկմանը, որ եթե եթե որակով լիներ ճանապարհը, հասարակ աղից չէր քանդվի ասֆալտը, Խուդաթյանն ասաց. «Ճանապարհային դեպարտամենտը, որի պատասխանատուն նաև մեր նախարարությունը և քաղաքական պատասխանատուն առաջին հերթին ես եմ, չի կառուցել գետ մեկ կիլոմետր այնպիսի ճանապարհ, որի վրա աղ լցնելուց հետո ճանապարհը քանդվի։
Ես վստահ չեմ, որ Երևանում նոր կառուցված ճանապարհ է քանդվել աղի պատճառով։ Մենք նախորդ տարի լավ փորձ ենք ունեցել Երևանի քաղաքապետարանի հետ, նաև Երևան մտնող ճանապարհների հիմնանորոգման մասով։ Գիտեք, դեպի Կորեայի ձորի հայտնի ճանապարհն է նախորդ տարի վերանորոգվել ճանապարհային դեպարտամենտի կողմից, դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող ճանապարհն է վերանորոգվել, որը կրկին Երևանի ճանապարհ է, դեպի Աշտարակ գնացող հատվածն ենք վերանորոգել և պլանավորում ենք քաղաքապետարանի մեր գործընկերների հետ նաև 2026 թվականին համատեղ աշխատանքներ իրականացնել»։