Կառուցելու ենք մոդուլյար ատոմակայան. Բոլոր երկրների առաջարկները քննարկում ենք, չենք շտապում. Խուդաթյան
Մենք 2025 թվականի ընթացքում ընտրել ենք, թե ինչ տիպի ատոմակայան ենք ցանկանում ունենալ Հայաստանում. դա մոդուլյար տիպի ատոմակայանն է, իսկ թե ինչ տեսակի և ինչ մոդելի ատոմակայան ենք ուզում ունենալ, մենք այդ հարցում չենք շտապում, ուսումնասիրում ենք մեր ունեցած առաջարկները, այդ թվում նաև ԱՄՆ–ի կողմից։
Այսօր այս մասին ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և հավելել. «Մենք ուսումնասիրում ենք բոլոր առաջարկները, որոնք մենք ստացել ենք Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Կորեայից և նաև Չինաստանից, Ֆրանսիայից։ Որոշում կկայացնենք բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով»։
Ինչ վերաբերում է նրան, որ ըստ մասնագետների՝ մոդուլյար ատոմակայանները փորձարկված չեն և անվտանգ չեն, Խուդաթյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում վտանգավոր ատոմական էր չկան, մասնավորապես էդ երկրները, եթե իրենք իրենց երկրներում են տեղակայում, կառուցում ատոմականներ, ապա վտանգավորության հարցը օրակարգում չէ։ Ինչո՞ւ մոդուլային, որովհետև այն մեծ լրացուցիչ ճկունություն է տալիս կառավարել մեր էներգիահամակարգը։
Նախորդ տարվա ընթացքում արևային կայանների ծավալի էական ավելացումը բերել է նրան, որ մենք շատ հաճախ մեր հիմնական հզորությունները, ներառյալ Մեծամորի ատոմակայանը, ստիպված ենք եղել իր արտադրողական ծավալից էական նվազ ծավալով էներգիահամակարգում պահել։ Մոդուլային ատոմականը մեզ հնարավորություն է տալիս շատ ավելի ճկուն լինել կառավարման պրոցեսում, ինչը և անվտանգային հարց է մեզ համար, և էներգիահամակարգում կայունություն ապահովելու հարց է։ Հենց դա է ընկած մոդուլային ատոմական ընտրելու մեր մտքին»,–ասաց նա։