Վրաստանը զգուշացրել է ԵՄ-ին
Թբիլիսին հույս ունի, որ Եվրամիությունը վրացական Կուլևի նավահանգիստը չի ներառի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում, քանի որ նման որոշումը կվնասի Միջին միջանցքին՝ հիմնական երթուղուն, որը Եվրոպային հնարավորություն է տալիս հասանելի լինել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հումքին և էներգետիկ ռեսուրսներին: ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Գիորգի Զուրաբաշվիլին, հաղորդում է Грузия Online-ը:
Զուրաբաշվիլին Կուլևի նավահանգիստը ներկայացրել է որպես Կասպից-Սև ծով-Եվրոպա ռազմավարական միջանցքի օղակ: Նա Գերչինսկուն վստահեցրել է նաև, որ Վրաստանը պահպանում է Ռուսաստանի դեմ ԵՄ բոլոր պատժամիջոցները և կանխում դրանք շրջանցելու փորձերը:
«Մամուլում շրջանառվող տեղեկությունը Կուլևի նավահանգստի հնարավոր ներառման մասին ԵՄ պատժամիջոցների ցանկում լիովին անհասկանալի է, անհիմն և չունի որևէ փաստական հիմք, քանի որ Կուլևի նավահանգստում պատժամիջոցների տակ գտնվող նավի ժամանման կամ պատժամիջոցների շրջանցման ոչ մի դեպք չի գրանցվել», - Զուրաբաշվիլեւ խոսքերն է մեջբերել ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նա հավելել է, որ մինչ օրս ԵՄ ինստիտուտները որևէ հարց կամ մեկնաբանություն չեն ստացել Կուլևի նավահանգստի գործունեության վերաբերյալ, և որ Բրյուսելն ու Թբիլիսին սահմանափակող միջոցառումների վերաբերյալ համագործակցության «լավ պրակտիկա» են սահմանել։
«Վրացական կողմը հույս է հայտնել, որ ԵՄ ինստիտուտները և անդամ պետությունները հաշվի կառնեն օբյեկտիվ փաստերը և Վրաստանի կողմից սահմանափակող միջոցառումներին համապատասխանելու և պատժամիջոցների շրջանցումը կանխելու լայնածավալ ջանքերը, և չեն խաթարի ռազմավարական միջանցքը և ԵՄ Միջին միջանցքի նախաձեռնությունը, որի անբաժանելի մասն է կազմում Կուլևի նավահանգիստը»,- նշել են ԱԳՆ-ում։
Արևմտյան լրատվամիջոցները այս շաբաթ հաղորդել են, որ ԵՄ-ն, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակում, առաջին անգամ մտադիր է սահմանափակումներ կիրառել երրորդ երկրների նավահանգիստների՝ Վրաստանի Կուլևիի և Ինդոնեզիայի Քարիմունի նկատմամբ։ Դրա պատճառը ռուսական նավթի հետ կապված գործողություններն են։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասը հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը՝ ընդգծելով, որ կոնկրետ առաջարկների շուրջ դեռևս համաձայնություն չի ձեռք բերվել։
Կուլևիում է գտնվում Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը։ Նախագիծն իրականացվում է պետական սեփականություն հանդիսացող Վրաստանի զարգացման հիմնադրամի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկի մասնակցությամբ։
2025 թվականի հոկտեմբերին Reuters-ը հաղորդեց Կուլևիի նոր վերամշակման գործարան առաջին նավթի առաքման մասին. բեռը տեղափոխել է ռուսական «Ռուսնեֆտ» ընկերությունը։ Վրաստանի հարկային ծառայությունը հաստատել է առաքումը՝ նշելով, որ նավը, դրա սեփականատերերը, բեռնափոխադրողը և ստացողը միջազգային պատժամիջոցների չեն ենթարկվում։
2026 թվականի փետրվարի սկզբին Silvari լցանավը մտավ Վրաստանի տարածքային ջրեր։ Ուկրաինան այն համարում է Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» մաս և 2025 թվականի դեկտեմբերին պատժամիջոցներ է կիրառել դրա դեմ։ iFact-ի տվյալներով՝ լցանավը մինչև 32 հազար տոննա նավթ և նավթամթերք է մատակարարել Կուլևի։ Ավելի ուշ լցանավը փոխանցվել է հնդկական ընկերության սեփականությանը և կառավարմանը։ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը նավի «կասկածելի պատմության» մասին հաղորդագրությունները որակել է որպես ապատեղեկատվություն։