Ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-ների տեխնոլոգիան օգտագործելու Հայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում․ Զախարովա
Հայաստանն, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունն իսկապես հարցեր է առաջացնում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ-ներ գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում, դրանք առհասարակ սկզբունքորեն գոյություն չունեն՝ դրանք միայն թղթի վրա են», - ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ Երևանում հայտարարված՝ 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ «Դա լրացուցիչ հետաքրքրություն առաջացրեց թեմայի շուրջ։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ ռեակտորները և որտե՞ղ են դրանք արդեն շահագործվում: Մի շարք հայկական լրատվական ռեսուրսներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում: Սակայն առանցքային հարցը նախագծի ֆինանսական մոդելն է: Ռուսական կողմի ունեցած տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը: Ենթադրվում էր, որ ֆինանսավորումն իրականացվելու է TRIPP հիմնադրամի միջոցով, որը, ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Սակայն այս պահին բուն հիմնադրամը դեռևս ստեղծված չէ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը համատեղ հայտարարություն են ստորագրել՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Նրանք նախատեսում են 9 միլիարդ դոլարի ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների (SMR) ներդրում կատարել Հայաստանում։ Սկզբում՝ 5 միլիարդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 միլիարդ դոլարը կկազմեն վառելիքի մատակարարման և ռեակտորների սպասարկման պայմանագրերը։