Օրհներգի կենդանի կատարման կարգը պարտադիր է դառնում

Օրհներգի կենդանի կատարման կարգը պարտադիր է դառնում

Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը և սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որը պլանավորում է պետական կառույցների կողմից, առավել ևս արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է նախապես  պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12–ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ օրհներգի կատարման կարգը նոր խմբագրությամբ շարադրելու որոշման նախագիծը։

Նա նշեց, որ օրհներգի կենդանի կատարումը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային և երգչախմբային. «Օրինագծով կարգավորվում է նաև ոչ պետական միջոցառումների ժամանակ օրհներգի հնչեցման կարգը, երբ դիտարկվում է կենդանի կատարման տարբերակը, իսկ ձայնագրությունների դեպքում այն պաշտոնական ձայնագրությունները, որոնք հասանելի են։

Օրենքը սահմանում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբում օրհներգը պետք է հնչի, հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ։ Այսինքը մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց կողմից, ովքեր ներգրավված են և սա ունի կարևոր նպատակ, որպեսզի պետական խորհրդանիշը դառնա կրթական ամենացած օղակից երեխաների ամենաառաջին գիտելիքներից, և ոչ թե ուղղակի տեքստ կամ երաժշտություն որ լսում են, այլ նաև իրենց կողմից կատարվող մի ծես, որը դառնում է  պետության գիտակցման և պետականության զգացման ուղենիշ»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով, նոր կարգով կարգավորվում է նաև օրհներգի հնչելու ժամանակ ուկնդրողների կամ ձայնակցողների պահվածքը. «Մասնավորապես, որպես կանոն պետք է հոտնկայս իրականացնել օրհներգի ունկնդրումը կամ ձայնակցումը, աջ ձեռքը կրծքին դրված, իհարկե օբյեկտիվ անհնարինության դեպքում այս պահանջը չի դիտարկվում, ինչպես օրինակ ֆիզիկական սահմանափակումների և օբյեկտիվ այլ իրողությունների դեպքում»,- ասաց Անդրեասյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ պարտադիր համարեց մանկապարտեզում օրհներգի կենդանի կատարումը և այլ վայրերում ևս,  առավել ևս, որ այն արդեն ավարտվում է «Թող միշտ պանծա Հայաստան» տողով։