Բարձր ենք գնահատում Իրանի հայտարարությունները՝ սահմանների անքակտելիության մասին. Մհեր Գրիգորյան

Բարձր ենք գնահատում Իրանի հայտարարությունները՝ սահմանների անքակտելիության մասին. Մհեր Գրիգորյան

Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին, Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12–ին, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի, Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անկեղծության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ընդլայնելու և խորացնելու Իրանի հետ ռազմավարական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում։ Գոհունակությամբ պետք է ընդգծեմ որ առկա քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները օրեցօր զարգանում են ի նպաստ երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարօրության։

Բարձր ենք գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչած հայտարարությունները, ի սատարումն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, հատկապես այն շրջանում, երբ տարածաշրջանային զարգացումների բերումով, Հայաստանը իրապես ուներ նման աջակցության կարիք»։

Անդրադառնալով 2025–ին Իրանի նախագահի Հայաստան այցին, Մհեր Գրիգորյանն ասաց. «Երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։

Ցանկանում եմ հայտնել, որ Հայաստան–Իրան երկկողմ օրակարգի հարցերի քննարկման  և համագործակցության զարգացման նոր հնարավորությունների բացահայտման համար կարևոր հարթակ է մեր երկրների միջև գործող միջկառավարական համատեղ հանձնաժողովը։

Օգտվելով առիթից որպես հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ նշեմ որ ուրախ կլինենք հանձնաժողովի հերթական նիստը այս տարի կազմակերպել Երևանում և հյուրընկալել Իրանի մեր գործընկերներին։

Նշեմ նաև որ միջկառավարական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում համագործակցությունը Իրանի և Հայաստանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Կարևոր եմ համարում որ մեր հարաբերությունների երկկողմ օրակարգ ընդգրկվում է հարցերի լայն շրջանակ, սկսած տնտեսական համագործակցությունից մինչև տրանսպորտ, առողջապահություն, կրթություն, մշակույթ, շրջակա միջավայր և զբոսաշրջություն։

Ամփոփելով, պետք է վերահաստատեմ, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով, ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բարեկամ Իրանին, իսկ մեր երկու երկրներին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»։