CNN-ը՝ ԱՄՆ փոխնախագահի կողմից Հայաստանում ներկայացված փոքր մոդուլային ռեակտորների մասին

CNN-ը՝ ԱՄՆ փոխնախագահի կողմից Հայաստանում ներկայացված փոքր մոդուլային ռեակտորների մասին

Այս տարվա հունվարի 22-ին CNN հեռուստաալիքի կայքը հոդված է հրապարակել փոքր մոդուլային ռեակտորների առավելությունների և ռիսկերի մասին, որոնց վերաբերյալ համաձայնագիրը Հայաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում ներկայացրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Palisades ատոմային էլեկտրակայանը, որը գտնվում է Չիկագոյից մոտ երկու ժամվա հեռավորության վրա, շահագործումից հանվել էր 2022 թվականին. այն տնտեսապես ոչ նպատակահարմար էր համարվել էժան ամերիկյան գազի դարաշրջանում։ Սակայն Ֆլորիդայում տեղակայված Holtec ընկերությունը վերակենդանացնում է այն։ Սա կլինի ոչ միայն ԱՄՆ-ի պատմության մեջ փակված ատոմակայանի առաջին վերագործարկումը, այլև, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, Palisades-ը կդառնա միջուկային բեկման ծննդավայր՝ այստեղ կհայտնվեն Ամերիկայի առաջին առևտրային «փոքր մոդուլային ռեակտորները» (SMR):

Այս առաջադեմ միջուկային ռեակտորները, որոնք հայտնի են որպես SMR, նման են մինի-ատոմակայանների, սակայն ներկայացվում են որպես ավելի էժան, անվտանգ, արագ կառուցվող և ֆինանսավորման տեսանկյունից ավելի մատչելի՝ համեմատած ավանդական նմանակների հետ։ Դրանց շուրջ հետաքրքրությունը սրընթաց աճում է։

Դրանց գրավչությունն ակնհայտ է՝ շուրջօրյա աշխատող առատ և մաքուր էներգիայի հեռանկարը։ Դրանք հատկապես գրավիչ են տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք էներգիայի հուսալի աղբյուրներ են փնտրում՝ իրենց տվյալների մշակման կենտրոնների հսկայական «ծարավը» հագեցնելու համար։ Ակնկալվում է, որ արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց՝ այդ կենտրոնների էներգասպառումը կաճի էքսպոնենցիալ կերպով։ Խոշոր տեխնոլոգիական ընկերություններն ու Թրամփի վարչակազմն արդեն իսկ ակտիվորեն միջոցներ են ներդնում այս ոլորտում։

SMR-ներն այժմ գտնվում են շատ շահեկան դիրքում, նշել է Միչիգանի համալսարանի էներգետիկ համակարգերի և կլիմայի դոցենտ Մայքլ Քրեյգը: «Դրանք գտնվում են այն իդեալական կետում, որտեղ կան բազմաթիվ հիանալի գաղափարներ... և դրանք ունեն մեծ հեռանկարներ ու պոտենցիալ», — ասել է նա CNN-ին:

Իրականությունը, ինչպես միշտ, հավանաբար ավելի բարդ կլինի և փորձագետները հանդես են գալիս զգուշացումներով: SMR-ների ընդհանուր արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան ավանդական կայաններինը, սակայն դրանք միևնույն է մնում են չափազանց թանկ: Սա նշանակում է, որ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի գինը զգալիորեն բարձր կլինի, քան քամու, արևի կամ գազի էներգիան, զգուշացնում են մասնագետները:

Բացի այդ, դրանց գործարկման համար երկար ժամանակ է պահանջվում: Ամբողջ աշխարհում գոյություն ունի միայն երեք գործող SMR, և դրանցից ոչ մեկը ԱՄՆ-ում չէ: Մեկը գտնվում է ռուսական բարժայի վրա՝ Սիբիրի ափերի մոտ, իսկ մյուս երկուսը՝ Չինաստանում:

Արդյո՞ք SMR-ների շուրջ ստեղծված աղմուկն արդարացված է, թե ոչ՝ պարզ կդառնա միայն դրանց կառուցումից հետո, իսկ «մրցավազքն» արդեն սկսվել է:

«Առաջադեմ միջուկային էներգետիկան «Դեպի ապագա» ոճի մի պատմություն է», — ասել է միջուկային ինժեներ և անկախ խորհրդատու Նիկ Թուրանը: 1950-ական և 60-ական թվականներին ԱՄՆ-ում գոյություն ունեին տասնյակ փոքր ռեակտորներ, «և դրանք բոլորն էլ աշխատում էին ոչ տնտեսավետ ձևով», — ասել է նա CNN-ին: Այդ իսկ պատճառով, ձգտելով մասշտաբի էֆեկտի միջոցով նվազեցնել ծախսերն ու էլեկտրաէներգիայի սակագինը, ոլորտը ժամանակին անցում է կատարել խոշոր ռեակտորների:

Սակայն միջուկային էներգետիկան իր բնույթով բարդ տեխնոլոգիա է, և եզակի մեգանախագծերի կառուցումը դժվարին խնդիր է դարձել։ Ժամկետները ձգձգվում են, ծախսերն՝ աճում և ԱՄՆ-ում միջուկային էներգետիկան լճացավ՝ չդիմանալով էժան թերթաքարային գազի հետ մրցակցությանը։

Այժմ փոքր չափսերը կրկին նորաձև են։ Ընկերություններն ասում են՝ «Մենք ունենք նոր տեխնոլոգիաներ, նոր նյութեր և այս անգամ դա ավելի էժան կլինի»,— նշել է Թուրանը՝ հավելելով, որ «դա դեռ պետք է տեսնել»։

SMR-ների մշտական գրավչությունը թաքնված է հենց դրանց անվան մեջ։ Նախ՝ խոսքը չափսերի մասին է։ Խոշոր ավանդական միջուկային ռեակտորները չափազանց թանկ են, դրանց արժեքը երբեմն հասնում է տասնյակ միլիարդավոր դոլարների։ Փոքր ռեակտորների կառուցումն ուղղակիորեն ավելի էժան է։ Սա «ֆինանսական խնդրի տեխնոլոգիական լուծումն է»,— ասել է Թուրանը։ «Ոչ մի վենչուրային ներդրող չի ասի՝ «Իհարկե, եկեք 30 միլիարդ դոլարանոց կայան կառուցենք»։ Բայց եթե խոսքը հարյուր միլիոնների մասին է, դա հնարավոր է, որ իրատեսական լինի»։

Խոսքը նաև մոդուլայնության մասին է։ Գաղափարն այն է, որ այս փոքր ռեակտորները զանգվածաբար կարտադրվեն կենտրոնացված գործարաններում և կտեղափոխվեն հարթակներ, ինչը դրանք ավելի էժան և ճկուն կդարձնի՝ խոշոր ատոմակայանների համեմատ։

Նյութն ամբողջությամբ՝ news.am