ՄԱԿ-ը ակնկալում է տվյալներ՝ թե մոտ 4 միլիարդ դոլար պարտքի որքան մասն է ԱՄՆ-ը մտադիր է մարել
Միավորված ազգերի կազմակերպությունը երկուշաբթի հայտարարել է, որ սպասում է տեղեկության այն մասին, թե համաշխարհային մարմնին ԱՄՆ մոտ 4 միլիարդ դոլար պարտքի որքան մասն է մտադիր մարել Դոնալդ Թրամփի վարչակազմը և երբ գումարը կփոխանցվի, հաղորդում է Associated Press-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անցյալ շաբաթ զգուշացրել է, որ համաշխարհային մարմինը կանգնած է «անխուսափելի ֆինանսական փլուզման» առաջ, եթե իր ֆինանսական կանոնները չվերանայվեն կամ բոլոր 193 անդամ պետությունները չկատարեն իրենց մուծումները, ինչը հստակորեն վերաբերում է Միացյալ Նահանգներին։ Ըստ ՄԱԿ-ի խոսնակի՝ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի կանոնավոր գործառնական բյուջեին պարտք է 2,196 միլիարդ դոլար, այդ թվում՝ ընթացիկ տարվա համար 767 միլիոն դոլար։ ԱՄՆ-ը միաժամանակ պարտք է 1,8 միլիարդ դոլար ՄԱԿ-ի լայնածավալ խաղաղապահ գործողությունների առանձին բյուջեի շրջանակում, որը ևս կաճի։
ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը հաստատել է, որ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը նախատեսում է շաբաթների ընթացքում զգալի կանխավճար կատարել իր պարտքերի համար, իսկ վերջնական գումարը դեռ պետք է որոշվի։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երկուշաբթի լրագրողներին հայտնել է, որ Գուտերեշը կապի մեջ է Ուոլցի հետ «բավականին երկար ժամանակ», և ՄԱԿ-ի վերահսկիչը նույնպես կապի մեջ է ԱՄՆ պաշտոնյաների հետ։
«Մենք սպասում ենք, թե հատկապես երբ կարվեն վճարումները և որքան ծավալով»,- ասել է Դյուժարիկը։