ԿԲ խորհուրդը որոշ տնտեսվարողների համար սահմանել է անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր

ԿԲ  խորհուրդը  որոշ տնտեսվարողների համար սահմանել է անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը ընդունել է որոշում, որով սահմանվում են անկանխիկ գործառնությունների, մասնավորապես՝ ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը՝ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար։ Այս մասին հայտնում են ԿԲ-ից։

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումից հետո ֆինանսական համակարգում անկանխիկ վճարումների ծավալների էական աճին զուգահեռ և շուկայում աճող մրցակցության պայմաններում քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարները ժամանակի ընթացքում նվազել են տնտեսվարող սուբյեկտների որոշ խմբերի համար: Սակայն, ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, տնտեսվարող սուբյեկտների առանձին խմբերի, մասնավորապես՝ փոքր իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեպքում, անկանխիկ վճարումների աճը չի հանգեցրել միջնորդավճարների նշանակալի նվազման: Ըստ այդմ, ինչպես նաև հաշվի առնելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ կետը, անհրաժեշտություն է առաջացել, քաղաքականության միջամտությամբ առավել նպաստավոր պայմաններ ստեղծել հատկապես փոքր տնտեսվարող սուբյեկտների սպասարկումն իրականացնելու նպատակով:

Այսպիսով, մինչև 150 միլիոն ՀՀ դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող և սահմանված վաճառակետի տեսակի կոդերին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն շեմեր․

  • «Արմենիան Քարդ» վճարային համակարգի քարտերով իրականացվող գործարքների դեպքում՝ առավելագույնը 0,5%,
  • Հայաստանում շրջանառության ծավալով ամենամեծ երկու միջազգային քարտային համակարգերի քարտերով իրականացվող գործարքների դեպքում՝ առավելագույնը 0,9%։

Այն տնտեսվարողների համար, որոնց ՊՈՍ տերմինալներով իրականացված ամսական շրջանառությունը չի գերազանցում 50,000 ՀՀ դրամը, սահմանվել են ֆիքսված առավելագույն միջնորդավճարներ՝ կախված գործունեության վայրից․

  • Երևանում՝ մինչև 4,600 ՀՀ դրամ,
  • մարզային քաղաքներում՝ մինչև 3,000 ՀՀ դրամ,
  • գյուղական բնակավայրերում՝ մինչև 1,000 ՀՀ դրամ։

Փոքր տնտեսվարող սուբյեկտների համար ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով իրականացվող գործարքների համար բանկերի միջև վճարվող միջբանկային սակագների առավելագույն չափը սահմանվել է 0,2%։

Սահմանված առավելագույն միջնորդավճարները կիրառվելու են յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից մինչև հաջորդ տարվա փետրվարի վերջը: Այս ընթացքում նոր ստեղծված և չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների համար կիրառվելու են վերոնշյալ սակագները:

Կենտրոնական բանկը կարևորում է փոքր և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար վճարային ենթակառուցվածքների մատչելիությունը և շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու մրցունակ, թափանցիկ և ներառական վճարային միջավայր Հայաստանում։

Որոշմանն ու դրա մանրամասներին ծանոթացեք հղումով: