ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն շուրջ 44,8 մլրդ ՀՀ դրամ է. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն  շուրջ 44,8 մլրդ  ՀՀ դրամ է. Ռոմանոս Պետրոսյան

Նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերի տնօրենների, էլցանցերի ղեկավարների, դեպարտամենտների պետերի, կենտրոնական ապարատի առանձին ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

 Ինչպես հայտնում են ՀԷՑ-ից, հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է 2026 թ. ներդրումային ծրագրով իրականացվելիք աշխատանքները: Ըստ այդմ՝ ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն է 44,8 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է հիմնովին վերակառուցել՝

  •  շուրջ 500 կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման օդային գծեր.
  • շուրջ 90 կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման մալուխային գծեր.
  • փոխարինել բաշխման ցանցում 17,000 էլեկտրոնային հաշվիչներ.
  • էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացնել շուրջ 45,000 գործող բաժանորդ.
  • թվով 30,000 նոր սպառողների սպառման համակարգը միացնել բաշխման ցանցին.
  • վերանորոգել հանրապետության բնակավայրերում մոտ 600 բազմաբնակարանային շենքերի ներքին բաշխման ցանցը (շքամուտքերում իրականացնել ցանցերի նորացում):

Ընկերությունը նախատեսվող ներդրումների զգալի ծավալը՝ շուրջ 11 մլրդ. ՀՀ դրամ գումարի չափով, նախատեսում է ուղղել հոսանքազրկումների հաճախականության և տևողության կրճատմանը միտված աշխատանքների ֆինանսավորմանը, էլեկտրաէներգիայի լարման շեղման հաճախականության նվազեցմանը և առաջնահերթ այլ խնդիրների լուծմանը:

Նախատեսվող աշխատանքների արդյունքում զգալիորեն կնվազեն ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների մեծացման և բեռի ավելացման հետևանքով առաջացող վթարների թիվը։

 Ընդհանուր առմամբ ծախսերի հարաբերակցությունը Երևանում կազմելու է բյուջեի 30%-ը, իսկ մարզերում՝ 70%:

 Ժամանակավոր կառավարչի կողմից առանձնահատուկ կարևորվեց մասնաճյուղերի և էլ. ցանցերի ղեկավարների փոխգործակցությունը տեղերում՝ մրցութային գործընթացով հաղթող ճանաչված կապալառու ընկերությունների հետ, առավել վերահսկելի և սահմանված ժամկետներում ՀՀ ողջ տարածքում նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու աշխատանքներն արդյունավետորեն իրականացնելու համար:

 Վթարավերականգնողական և ընթացիկ սպասարկման աշխատանքներն առավել օպերատիվ և արդյունավետ իրականացնելու համար Ընկերությունում մեկնարկել է ավտոպարկի արդիականացմանն ուղղված մասշտաբային գործընթաց: Նախատեսվում է ձեռք բերել շուրջ 4 տասնյակ նոր մարդաբեռնատար հերթապահ մեքենաներ, էլեկտրոմոբիլներ, ավտոաշտարակներ և ավտոլաբորատորիաներ.վերջիններս նախատեսված են սպասարկելու բրիգադներին՝ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելիս:

 Անդրադարձ է կատարվել նաև ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի կորուստների ծավալի նվազեցման առաջնահերթությանը և դրանով պայմանավորված՝ 2026թ.-ի համար սահմանված առաջադրանքին:

 Ելնելով առկա տեղեկատվության համադրումից և բաշխման ցանցի տեխնիկական վիճակից՝ Ժամանակավոր կառավարչի կողմից ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի կորստի առաջադրանքը 2026 թ. համար սահմանվել է առավելագույնը 6,40%, ինչը 0,12 %-ով ավելի ցածր է 2025 թ. ընթացքում արձանագրված փաստացի ցուցանիշից:

 Հանդիպման ավարտին Ժամանակավոր կառավարիչը տվել է հստակ հանձնարարականներ՝ ուղղված մասնաճյուղերում և ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքների որակին, դրանց ժամկետների պահպանմանը և արդյունավետության բարձրացմանը՝ ընդգծելով ներդրումային ծրագրի պատշաճ իրականացման, վերահսկողության ուժեղացման և կապալառու կազմակերպությունների հետ բնականոն համագործակցություն ապահովելու անհրաժեշտությունը։