ԱՄՆ-ն հավանություն է տվել Հայաստանում Firebird AI նախագծի երկրորդ փուլին. Հայրապետյան

ԱՄՆ-ն հավանություն է տվել Հայաստանում Firebird AI նախագծի երկրորդ փուլին. Հայրապետյան

ԱՄՆ-ն արհեստական ինտելեկտի ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերության՝ Firebird AI նախագծի երկրորդ փուլի իրականացման արտահանման թույլտվություն է տվել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նա հիշեցրել է, որ դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին Firebird AI-ն թույլտվություն էր ստացել նախագծի առաջին փուլի համար եւ այդ ժամանակ էլ հայտարարեց Հայաստանում $500 մլն-ի նախնական ներդրումների մասին ՝ ընդգծելով, որ սա ընդամենը բազմամիլիարդանոց ծրագրի մեկնարկն է: Խոսքը Հայաստանում արհեստական ինտելեկտի տվյալների խոշոր կենտրոնի՝ փաստացի արհեստական ինտելեկտի ֆաբրիկայի կառուցման մասին է։

Կենտրոնը հագեցած կլինի մոտ 50 հազար NVIDIA գրաֆիկական պրոցեսորներով և կաշխատի աշխարհում այսօր առկա ամենաառաջատար տեխնոլոգիաներով: Հաշվողական հզորությունների մի մասը կօգտագործվի երկրի ներսում ՝ գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների զարգացման համար ՝ կենսաբանությունից եւ բժշկությունից մինչեւ ռոբոտաշինություն եւ տիեզերական մշակումներ:

Ռեսուրսների մյուս մասը «կարտահանվի» և կտրամադրվի արտասահմանյան տեխնոլոգիական ընկերություններին, առաջին հերթին ամերիկյան ՏՏ խոշորագույն կորպորացիաներին, ինչպես նաև տարածաշրջանում գործող ամերիկյան ընկերություններին: Նախարարի խոսքով ՝ նախագիծը Հայաստանը զգալիորեն ավելի գրավիչ է դարձնում միջազգային ներդրողների համար և ուժեղացնում է երկրի տեխնոլոգիական էկոհամակարգը:

Նա ընդգծել է, որ սա անկախ Հայաստանի պատմության մեջ խոշորագույն տեխնոլոգիական նախագծերից մեկն է և, հնարավոր է, բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և ԱՄՆ համագործակցության խոշորագույն օրինակը: