ԱՄՆ մաքսատուրքերի հարցը կքննարկվի Վենսի հետ հանդիպմանը
Այն, որ Իրանի հետ առևտուր անող երկրները ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների դեպքում պետք է վճարեն 25% մաքսատուրք, սա լուրջ խնդիր է Հայաստանի համար, և այս հարցը քննարկվելու է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցի ժամանակ։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Միանշանակ այս հարցը քննարկվելու է Վենսի հետ հանդիպմանը, քանի որ մոտ 500 մլն դոլարի արտահանում ենք ունեցել 2025 թ. դեպի ԱՄՆ։ Մեր արտահանման մեջ կան ապրանքներն, որոնք այս Թրամփի հրամանագրի արդյունքում իրենց մրցունակությունը կկորցնեն»,– ընդգծեց Պապոյանը։
Ամերիկացի պաշտոնյայի հետ բանակցությունների օրակարգում ներառված են կարևոր ու հետաքրքիր հարցեր։
«Նշենք, որ այս պահի դրությամբ Որոտանի հիդրոկասկադի 120 մլն դոլար վարկային ներդրումն է ընթացի մեջ, գումարած «Թրամփի ուղին»` մոտ 200 մլն դոլարի ներդրումով, «Էնվիդիան»` ավելի քան 500 մլն դոլար ներդրումով, գումարած ատոմային էներգետիկան։ Այսինքն` շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ կան, որոնք շոշափելի են, ու մի մասն էլ ընթացքի մեջ է։ Սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ»,– հայտարարեց Պապոյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը դժվարացավ ասել` արդյոք Վենսի պաշտոնական այցի ժամանակ կքննարկվեն մասնավորապես Սյունիքի մարզում օգտակար հանածոների, ինչպես նաև ուրանի հանքերի թեմաները։ Նա նշեց` այս հարցերի հետ կապված մանրամասների չի տիրապետում։
«Նոր ներդրումային հնարավորություններ հնարավոր են և ցանկալի են շատ։ Պարոն փոխնախագահը թող գա, բանակցությունները ցույց կտան»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է «Թրամփի ուղու» հետ կապված քննարկումներին, Պապոյանն ասաց, որ այդ առումով մենք արդեն մտել ենք առարկայական փուլ։
«Ընդամենը Վենսի հետ քննարկելու ենք այս առարկայական փուլն ամրագրելու հարցերը, վերջին դետալները հաստատենք ու անցնենք առաջ։ «Թրամփի ուղին» արդեն իսկ մտել է առարկայական փուլ, և ոչ մեկն էլ չի կարող խանգարել այս ծրագիրը»,– շեշտեց նախարարը։