2026 թ. հունվարը զբոսաշրջության առումով Հայաստանի լավագույն հունվարն է եղել. Պապոյան
Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի առումով 2026 թ. հունվարը ռեկորդային է եղել։ Այս տարվա հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան անցած տարվա նույն ամսին։ Այդ մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այսինքն` այս հունվարը Հայաստանի բոլոր հունվարներից լավագույն հունվարն է եղել»,– վստահեցրեց նախարարը։
Ըստ Պապոյանի` Ռուսաստանից եղել է զբոսաշրջիկների համաչափ աճ` 40–41 տոկոսի շրջանակում, նույն համաչափ զարգացումը եղել է նաև մյուս երկրների դեպքում։ Նախարարի վստահեցմամբ` գերակտիվ է եղել նաև 2025 թ. 12 ամիսներից 7–ը։ Պապոյանն այս 7 ամիսները զբոսաշրջային հոսքերի առումով կրկին ռեկորդային բնորոշեց։
«Սա նշանակում է` այն, ինչ անում ենք երկարաժամկետ և միջնաժամկետ հատվածում` մարքեթինգային ակտիվ արշավներ, դեպի Հայաստան նոր ուղղությունների վրա աշխատանք, օրինակ` Մերձավոր Արևելքի երկրներից, տալիս են իրենց արդյունքները։ Օրինակ` Մերձավոր Արևելքի երկրներից հոսքերն ավելացել են, քանի որ այս երկրների քաղաքացիների դեպքում մենք պարզեցրել ենք վիզայի քաղաքականություն, և նրանք Հայաստան կարող են գալ առանց վիզայի»,– վստահեցրեց նախարարը։