Կրոնական զբոսաշրջությունն ունի մեծ պոտենցիալ. Պապոյան
Կրոնական զբոսաշրջությունն ունի մեծ պոտենցիալ. ԱԺ-ում ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ այսօր աշխարհում քչերը գիտեն, որ Հայաստանը առաջինն է ընդունել քրիստոնեությունը։
«Սրա շուրջ ևս պետք է մեծ հանրահռչակում իրականացնենք։ Աշխարհում քչերը գիտեն, որ մենք ենք առաջինը ընդունել քրիստոնեությունը։ Եթե իտալացիներն առաջինն ընդունեին, դրա մասին բոլորը կիմանային, եթե հույներն ընդունեին՝ նույն կերպ կիմանային։ Կոպիտ է հնչում, բայց պետք է ասեմ՝ անտերության մատնված վանական համալիրները վերադարձնում ենք հանրությանը, վերադարձնում ենք զբոսաշրջիկին։ Դրա նպատակը ոչ միայն մոնետարիզացիան է, այլ նաև Հայաստանի Հանրապետության հանրահռչակումը որպես զբոսաշրջային երկիր»,- ասաց նախարարը։
Նախարար Պապոյանը նշեց, որ «անտերության մատնված» վանական համալիր տանող ճանապարհները վերանորոգում են, որ անգամ Հայաստանի զբոսաշրջիկների համար դարձնեն հասանելի։
«Խոսքը Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիրի մասին է, որտեղ հասնելու համար ինչ-որ կետից պետք էր երևի վարձել ջիպեր, բայց հիմա կարելի է հեծանիվով, ոտքով, ավտոբուսով , մարդատար մենքայով հասնել այնտեղ։ Դա էլ բավարար չէ, սարքել ենք քայլուղի։ Նույնը արվել է Գնդեվազում»,-ասաց նա։
Նշենք, որ ծրագրի համար Հայաստանը 120 մլն եվրո արժողությամբ վարկ է վերցնում։