Սաուդյան Արաբիան ներդրումներ կկատարի թուրքական կործանիչների արտադրության մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռիադն ու Անկարան քննարկում են Թուրքիայի KAAN հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրում համատեղ ներդրումներ կատարելու հարցը։
Այս շաբաթ Սաուդյան Արաբիա և Եգիպտոս կատարած այցերից հետո տեղի լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է, որ Անկարան և Ռիադը կընդլայնեն նախկինում կնքված պաշտպանական արդյունաբերության համաձայնագրերը։
Խոսելով Թուրքիայի հինգերորդ սերնդի կործանիչի մասին՝ Էրդողանը ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի ներդրումները KAAN-ում կարող են տեղի ունենալ ցանկացած պահի։
Թուրքիան հայտարարել է հինգերորդ սերնդի կործանիչ արտադրելու ծրագրերի մասին 2010 թվականից ի վեր, սակայն 2019 թվականին ԱՄՆ-ի գլխավորած F-35 ծրագրից բացառվելուց և ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու համար Կոնգրեսի կողմից պատժամիջոցների ենթարկվելուց հետո նախագծի վրա աշխատանքները արագացվեցին։
Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ KAAN նախագիծը չափազանց թանկ է, ինչը ստիպում է Անկարային փնտրել միջազգային գործընկերներ։
Անցյալ տարվա հունիսին Ինդոնեզիան Թուրքիայի հետ կնքեց ավելի քան 10 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիր՝ 48 KAAN կործանիչ ինքնաթիռ գնելու համար։
Տասնամյա պայմանագիրը նաև ներառում է KAAN-ի որոշ բաղադրիչների համատեղ արտադրություն Ինդոնեզիայում։
Այլ երկրներ, այդ թվում՝ Կատարը և Ադրբեջանը, նույնպես հետաքրքրություն են հայտնել ինքնաթիռը գնելու հարցում։
KAAN-ը իր առաջին թռիչքն իրականացրել է 2024 թվականի փետրվարին և ժամանակավորապես հագեցած է General Electric F110-GE-129 երկու շարժիչներով, որոնք օգտագործվում են նաև Թուրքիայում արտադրված F-16 կործանիչներում։
KAAN ծրագիրը կառավարող Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերության կորպորացիան (TAI) մշակում է ինքնաթիռի համար տեղական արտադրության շարժիչ։
Անցյալ տարի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ ԱՄՆ Կոնգրեսը խոչընդոտել է KAAN ինքնաթիռների առաջին խմբաքանակի համար նախատեսված F110-GE-129 շարժիչների մատակարարումը։
TAI-ը նախատեսում է KAAN կործանիչների առաջին խմբաքանակը մատակարարել Թուրքիայի ռազմաօդային ուժերին մինչև 2028 թվականի վերջը, սակայն որոշ ռազմական փորձագետներ ենթադրում են, որ այս ժամկետը կարող է հետաձգվել մինչև 2030 թվականը։