ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հունվար ամսին նվազել է․ Տենդենցը շարունակվում է հինգերորդ ամիսն անընդմեջ

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հունվար ամսին նվազել է․ Տենդենցը շարունակվում է հինգերորդ ամիսն անընդմեջ

Պարենային ապրանքների համաշխարհային գնային ինդեքսը հունվար ամսին նվազել է հինգերորդ ամիսն անընդմեջ, ինչը, հիմնականում, պայմանավորված է կաթնամթերքի, շաքարի և մսամթերքի միջազգային գնանշումների նվազմամբ։ Այս մասին նշվում է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից ուրբաթ օրը հրապարակված հենանիշային զեկույցում։ 

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետևում է համաշխարհային շուկայում շրջանառվող հիմնական պարենային ապրանքների միջազգային գների ամսական փոփոխություններին, հունվար ամսին միջինում կազմել է 123.9 միավոր, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.4 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0.6 տոկոսով։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը դեկտեմբերի համեմատ փոքր-ինչ աճել է՝ 0.2 տոկոսով, չնայած ցորենի և եգիպտացորենի համաշխարհային գների աննշան նվազմանը։ Ցորենի առատ պաշարները չեզոքացրել են եղանակային պայմանների վերաբերյալ մտահոգությունները, որոնք ազդում էին Ռուսաստանի Դաշնությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող քնած մշակաբույսերի վրա, մինչդեռ եգիպտացորենի համաշխարհային մատակարարումները հավասարակշռել են Արգենտինայում և Բրազիլիայում անբարենպաստ եղանակային պայմանների և Ամերիկայի Միացյալ Նահանգներում էթանոլի նկատմամբ բարձր պահանջարկի ազդեցությունը։ Ի հակադրություն, ՊԳԿ բրնձի բոլոր տեսակների գնային ինդեքսը դեկտեմբեր ամսվա համեմատ աճել է 1.8 տոկոսով, ինչը պայմանավորված է բուրավետ բրնձի տեսակների նկատմամբ ավելի մեծ պահանջարկով։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունվար ամսին աճել է 2.1 տոկոսով: Արմավենու յուղի համաշխարհային գները բարձրացել են Հարավարևելյան Ասիայում սեզոնային արտադրության դանդաղեցման և համաշխարհային ներմուծման կայուն պահանջարկով պայմանավորված, մինչդեռ սոյայի յուղի համաշխարհային գները վերականգնվել են Հարավային Ամերիկայում արտահանման հնարավորությունների սահմանափակման և Ամերիկայի Միացյալ Նահանգներում կենսավառելիքի պահանջարկի բարձր սպասումների արդյունքում: Արևածաղկի յուղի համաշխարհային գները նույնպես աճել են՝ պայմանավորված Սևծովյան տարածաշրջանում մատակարարման սահմանափակումներով: Միևնույն ժամանակ, կանոլայի յուղի միջազգային գները փոքր-ինչ նվազել են՝ Եվրոպական Միությունում առատ հասանելիության պատճառով, որը ձևավորվել է վերջին շրջանում կատարված խոշոր ներմուծումների հետևանքով։

ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է 0.4 տոկոսով, ինչը, հիմնականում, պայմանավորված է խոզի մսի գնանշումների նվազմամբ՝ համաշխարհային առատ մատակարարման և միջազգային պահանջարկի նվազման պայմաններում։ Թռչնամսի համաշխարհային գնանշումները բարձրացել են՝ հատկապես Բրազիլիայում գների բարձրացման հետևանքով, որը պայմանավորված է միջազգային կայուն պահանջարկով։ Ոչխարի և տավարի մսի գները, ընդհանուր առմամբ, մնացել են կայուն, ընդ որում՝ տավարի մսի գների վրա դրական ազդեցություն է ունեցել Բրազիլիայից դեպի Չինաստան մատակարարումների աճը, ինչը փոխհատուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անմաքս քվոտայի արագ սպառումը։ 

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է 5.0 տոկոսով, ինչը, հիմնականում, պայմանավորված է պանրի և կարագի գների նվազմամբ՝ առատ պաշարների պայմաններում: Միևնույն ժամանակ, յուղազերծված կաթի փոշու համաշխարհային գնանշումները կայունացել են՝ Մերձավոր Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից և Ասիայի մի շարք երկրներից ներմուծման պահանջարկի վերականգնման շնորհիվ։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունվար ամսին նվազել է 1.0 տոկոսով, ինչը պայմանավորված է ընթացիկ սեզոնում մատակարարումների աճի սպասումներով, որոնք հիմնված են,  մասնավորապես, Հնդկաստանում արտադրության զգալի վերականգնման, Թաիլանդում բարենպաստ հեռանկարների և Բրազիլիայում արտադրության ընդհանուր դրական կանխատեսումների վրա:

Ավելի մանրամասն տեղեկություններ կարղ եք գտնել այստեղ։

Համաշխարհային հացահատիկային պաշարների և օգտագործման հարաբերակցությունը 2001 թվականից ի վեր առավելագույն մակարդակին հասնելու ճանապարհին է

ՊԳԿ-ն հրապարակել է նաև 2025 թվականի համար հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության իր վերջին կանխատեսումը՝ ընդհանուր արտադրանքը գնահատելով 3 023 միլիոն տոննա, ինչը ցորենի, խոշոր հացահատիկների և բրնձի համար ռեկորդային բերքատվություն է նախատեսում։ Վերանայումը պայմանավորված է Արգենտինայում, Կանադայում և Եվրոպական Միությունում ցորենի բերքատվության սպասվածից ավելի բարձր ցուցանիշներով, ինչպես նաև Չինաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում եգիպտացորենի ցանքատարածությունների ընդլայնման և բերքատվության աճի ակնկալիքներով։ Կանխատեսվում է, որ բրնձի համաշխարհային արտադրությունը նույնպես կաճի՝ Հնդկաստանի, Բանգլադեշի, Բրազիլիայի, Չինաստանի և Ինդոնեզիայի գլխավորությամբ։ 

Հացահատիկային մշակաբույսերի մատակարարման և պահանջարկի նոր համառոտ զեկույցը գնահատում է նաև 2026 թվականի բերքի հեռանկարները հյուսիսային կիսագնդում: Կանխատեսվում է, որ Հնդկաստանում ցորենի ձմեռային ցանքսը հասնելու է ռեկորդային մակարդակի՝ բարձր ներքին գների և բարենպաստ եղանակային պայմանների արդյունքում, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ակնկալվում է ցանքատարածությունների նվազում՝ ցածր գների և հիմնական արտադրական տարածքներում սովորականից ավելի չոր եղանակային պայմանների պատճառով: Հարավային կիսագնդում խոշոր հացահատիկի բերքահավաքը կսկսվի 2026 թվականի երկրորդ եռամսյակում և կուղեկցվի բարենպաստ եղանակային պայմաններով Արգենտինայում, Բրազիլիայում և Հարավային Աֆրիկայում: 

Կանխատեսվում է, որ համաշխարհային հացահատիկային մշակաբույսերի օգտագործումը 2025/26 թվականներին կաճի 2.2 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Առաջարկի և պահանջարկի թարմացված կանխատեսումների հիման վրա, ակնկալվում է, որ համաշխարհային հացահատիկային պաշարները կավելանան 7.8 տոկոսով՝ հասնելով ռեկորդային բարձր մակարդակի, ընդ որում՝  աճ կգրանցվի բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի, այդ թվում՝ բրնձի պաշարներում: Կանխատեսվում է նաև, որ համաշխարհային հացահատիկային պաշարների և օգտագործման հարաբերակցությունը  կբարձրանա մինչև 31.8 տոկոս, ինչը կդառնա 2001 թվականից ի վեր գրանցված առավելագույն մակարդակը:

Ակնկալվում է, որ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առևտուրը 2025/26 շուկայական տարում (հուլիս/հունիս ամիսներին) աճելու է 3.6 տոկոսով՝ նախորդ 12 ամիսների համեմատ։

Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։

ՊԳԿ-ի կողմից կազմակերպվող Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (AMIS) ուրբաթ օրը հրապարակել է նաև իր ամսական «Շուկայի մշտադիտարկում» թողարկումը։ Բացի շուկայի պարբերական թարմացումներից, թողարկումն ուսումնասիրում է նաև հիմնական պարենային մշակաբույսերի միջազգային շուկաների հարաբերական կայունությունը՝ ընդգծելով վերջին ժամանակահատվածում ցուցաբերած դիմադրողականությունն ու ճկունությունը։ Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ շեշտվում է, որ այս իրավիճակը մեծապես պայմանավորված է առատ բերքատվության, լավ գործող մատակարարման շղթաների և պարարտանյութերի բավարար մատչելիության բարենպաստ համադրությամբ, և ընդգծում է, որ սխալ կլինի ենթադրել, որ համաշխարհային պարենային ապրանքների շուկաներն այժմ կառուցվածքային առումով պակաս խոցելի են ցնցումների նկատմամբ։