ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Փետրվարի 5- ն Շրջակա միջավայրի նախարարությունում կնքվել է քառակողմ հուշագիր՝ Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճապոնական «KOMAIHALTEC» ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև։
Ծրագրի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն աշխատելու է ճապոնական Komaihaltec Inc. ընկերության հետ՝ ընկերության տարածքում ԶՊՄԿ- ի ներքին կարիքների համար հողմային էներգիայով աշխատող փակ հիբրիդային էներգահամակարգի ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը խոսել է այն մասին, որ ԶՊՄԿ-ն արդեն տևական ժամանակ է վերականգնվող էներգետիկ ծրագրերը դրել է ընկերության զարգացման և արդիականացման առանցքում․ «Արդեն այսօր ԶՊՄԿ հարակից մի քանի համայնքներում ընկերության ջանքերով տեղադրվել են արևային կայաններ՝ համայնքների էներգետիկ կարիքների համար։ Ընկերությունը ծրագրում է նաև սեփական կարիքների համար արևային կայանի ծրագրի իրականացումը։ Հայաստանի ներուժը վերականգնվող էներգիայի ոլորտում, ինչպես և հանքարդյունաբերության ոլորտում հսկայական է։ ՀՀ կառավարության, ճապոնական Komaihaltec ընկերության և ԶՊՄԿ համատեղ ծրագիրը ընդգծում է այս ոլորտի առաջնահերթությունը Հայաստանի կառավարության համար և հատուկ կարևորությունը բիզնեսի համար։ Միջազգային համագործակցությունը նոր հնարավորություններ ու հորիզոններ է բացում Հայաստանի համար էներգետիկ անկախության և բնապահպանական կայունության ուղղությամբ»: