Եթե հանենք ոսկու և պլատինի վերաարտահանումը, ապա տեսնում ենք, որ մեր արտահանումը կայուն աճում է. Պապոյան
Արտաքին առևտրաշրջանառությունից եթե հանում ենք ոսկու վերաարտահանումը և պլատինի վերաարտահանումը, ապա տեսնում ենք, որ կայուն մեր արտահանումը աճում է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Եթե 2021 թվականին, մոտ 2.6 միլիարդ էր մեր արտահանումը, արդեն 2025 թվականին 4.4 մլրդ 462 մլն դոլար էր։ Ընդ որում, նախորդ տարվա նկատմամբ մոտ 10% մենք աճ ունենք։ Սա վերաբերվում էր հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանմանը, սա չի վերաբերվում հեռուստացույցի, մեքենայի, ոսկու արտադրությանը, որը մենք չենք արտադրում։ Բայց շուտով ոսկի արտադրելու ենք ու շատ։
Այսինքն Հայաստանի գործարաններում արտադրված ապրանքների արտահանումը շարունակաբար ավելանում է և արդեն հասել է 1,1 մլրդ դրամի, որը պատմական լավագույն ցուցանիշն է։ Երկրորդը նա է, որ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է մոտ 400 միլիոն դոլարով»,–ասաց նախարարը։
Անդրադառնալով Ջինի գործակցին, Պապոյանն ասաց, որ այն Հայաստանում բավականին ցածր է և դա շատ լավ է, որովհետև ինչքան Ջինի գործակիցը ցածր է, այնքան նշանակում է, եկամուտները հասարակության մեջ հավասարաչափ են բաժանված. «Մեր հարևան երկրների հետ համեմատած Հայաստանում ամենացածրն է, այսինքն Հայաստանում ստեղծված եկամուտները համեմատության մեջ ամենահավասարաչափ են բաշխվում և դա ևս շատ կարևոր ցուցանիշ է։
Հաջորդը արտադրողականության գործակիցն է, որը շարունակաբար աճում է։ Մի քանի տարի առաջվա նկատմամբ այդ ցուցանիշը կրկնապատկվել է։ Դա նշանակում է, որ նույն մարդը նույն գործարանում, նույն ժամանակահատվածում երկու անգամ ավելի շատ արդյունք է ստանում»,–ասաց նա։