Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԿԶԵՀ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ենթակառուցվածքային ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև հանրային հատվածի ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացման տեխնիկական աջակցության ծրագրի մանրամասներին: Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել այս և այլ ծրագրերի շրջանակներում ծավալված արդյունավետ համագործակցության համար:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովը ստորագրել են «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիրը:
Այդ համատեքստում Անդրեյ Շիրոկովը նշել է, որ ԿԶԵՀ-ի մշտական ներկայության համար լիարժեք իրավական հիմքի ստեղծումը հնարավորություն կտա ավելի օպերատիվ արձագանքելու երկրի տնտեսության կարիքներին, ընդլայնելու նախագծերի պորտֆելը և խորացնելու փորձագիտական երկխոսությունը: