Կկարգավորվեն ԱԱՀ-ի և շահութահարկի մասով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրները

Կկարգավորվեն ԱԱՀ-ի և շահութահարկի մասով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրները

Առաջարկվում է կարգավորել երկու հարկատեսակների՝ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով փաստավորման, հարկային հաշվետվությունների ներկայացման, հարկերի հաշվարկման և վճարման դեպքում հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրները: Առաջարկվող կարգավորումները երկու մեծ նպատակ են հետապնդում. առաջին՝ բիզնեսի կյանքի հեշտացում և բիզնես միջավայրի լավացում, երկրորդ՝ վարչարարության դեպքում հնարավոր վեճերից խուսափում: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 5-ի նիստին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:

Փոփոխությունները վերաբերում են ԱԱՀ-ի և ՀԴՄ կտրոններով վերադարձի մասով գործարքների ճշգրտմանը, ԵԱՏՄ ապրանքներով ներմուծումներին, գյուղատնտեսական ոլորտին, կաթնամթերքի ու արևային էներգետիկայի ոլորտներին:

ԱԱՀ-ի մասով կարգավորումը վերաբերում է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, դրանք ապրանքների վերադարձին առնչվող կարգավորումներն են: Առաջակվում է կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը: Ներկայումս ճշգրտվում են միայն պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձի մասով հարցերը. խոսքը հանրային սննդի մասին է: 

«Մենք հնարավորություն ենք ստեղծում Հարկային օրենսգրքում, որպեսզի մարդիկ կարողանան գործարքները ճշգրտել բոլոր ապրանքատեսակների մասով, եթե կգտնեն, որ վերադարձի անհրաժեշտություն կա»,- ասաց նա:

Մեկ այլ կարգավորմամբ կանոնակարգվում են ՀԴՄ կտրոններով ձեռք բերված ապրանքների վերադարձի մասով գործարքները, դրանց ճշգրտման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը:

«Ներկայումս ճշգրտելու հաշվետու ժամանակաշրջանն արտացոլվում է միայն հարկային հաշիվներով նվազեցնելու դեպքում: Մենք ի՞նչ ենք անում, ՀԴՄ-ների վաճառքի դեպքում, երբ վերադարձ է տեղի ունենում, հարկ վճարողը ստիպված է գնալ հետ, համապատասխան ժամանակաշրջանի գործարքը ճշգրտել իր բոլոր հետևանքներով: Այս կարգավորումը հնարավորություն է տալիս, որ հաշվարկը ճշգրտվի հենց վերադարձի ամսում, այսինքն՝ վերադարձը դարձնում ենք գործարքի առաձին տեսակ՝ վաճառքից առանձին»,- ասաց նա:

Արևային էներգետիկայի ոլորտին առնչվող փոփոխությունը վերաբերում է հատկապես ինքնավար արտադրողներին. խոսքը մինչև 150 կիլովատտ էներգիա արտադրելու հնարավորություն ունեցող ենթակառուցվածքների մասին է:

«Ներկայումս էներգիայի ավելցուկի մասով շահութահարկ չի վճարվում, բայց տարբեր սուբյեկտներին հնարավորություն չի տրվում, որպեսզի ծախսերը նվազեցնեն շահութահարկի հաշվարկներով, բայց մենք այդ հնարավորությունը ընձեռում ենք, ինչը խթանելու է արևային էներգիայի տարածումը ՀՀ-ում»,- ասաց ՊԵԿ նախագահը: