Իլոն Մասկը դարձավ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը․ Forbes
SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը և հասել ռեկորդային 852 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնել է Forbes ամսագիրը։
Նրա բարեկեցության թռիչքաձև աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ SpaceX-ը կլանել է նրան պատկանող մեկ այլ ընկերություն՝ xAI կորպորացիան։ Միավորված ընկերությունը գնահատվել է 1,25 տրիլիոն դոլար, ինչը, պարբերականի հաշվարկներով, Մասկի կարողությունն ավելացրել է ևս 84 միլիարդ դոլարով։
Ըստ Forbes-ի՝ գործարքից առաջ Մասկին պատկանում էր SpaceX-ի մոտավորապես 42%-ը, որի արժեքը կազմում էր 336 միլիարդ դոլար՝ 800 միլիարդ դոլար գնահատմամբ, և xAI-ի 49%-ը՝ 122 միլիարդ դոլար գնահատմամբ։ Միաձուլումից հետո նրա բաժնեմասը միավորված ընկերությունում գնահատվում է 43% կամ 542 միլիարդ դոլար, ինչը SpaceX-ը դարձնում է նրա ամենաարժեքավոր ակտիվը։
Սա Մասկի երկրորդ ընկերությունների միաձուլումն է մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ 2025 թվականի մարտին նա միավորել է xAI-ը և X սոցիալական ցանցը։
Ըստ ամսագրի՝ Մասկը վերջին չորս ամիսների ընթացքում սահմանել է հարստության չորս ռեկորդ. 2025 թվականի հոկտեմբերին նա առաջինն է եղել, որ գերազանցել է 500 միլիարդ դոլարի սահմանը, դեկտեմբերի 15-ին՝ 600 միլիարդ դոլար, իսկ դեկտեմբերի 19-ին՝ 700 միլիարդ դոլար։ Այժմ նա 578 միլիարդ դոլարով գերազանցում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջին, որը երկրորդ տեղում է աշխարհում (կարողությունը կազմում է 281 միլիարդ դոլար)։