Հետք. Կներդրվի տարեցներին մատուցվող խնամքի նոր ձև՝ խնամատարություն

Հետք. Կներդրվի տարեցներին մատուցվող խնամքի նոր ձև՝ խնամատարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է ներդնել տարեցներին մատուցվող խնամքի նոր ձև՝ խնամատարություն։ Նախարարությունը դրանով փորձում է երկու հարց լուծել՝ տարեցի խնամքի կազմակերպում ընտանիքում և գործազուրկ անձի զբաղվածության ապահովում:

Խնամատար ընտանիքում խնամքը տրամադրվելու է այն տարեց, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող գույք և չունեն աշխատունակ չափահաս զավակներ: Բացառություն են լինելու դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձիք։ 

Խնամատար ընտանիքում խնամք ստանալու համար տարեցը ներկայացնելու է խնամատար ընտանիքին ներկայացվող ցանկալի պահանջներ, այդ թվում՝ խնամատար ընտանիքի գտնվելու վայրի, բնակարանային պայմանների, խնամատար ընտանիքում անձանց ընդհանուր թվի, նրանց սեռի, տարիքի, զբաղվածության, նախասիրությունների, ընտանի կենդանիների առկայության ու այլ հանգամանքների առնչությամբ:

Ըստ նախագծի՝ ընտանիքում խնամք տրամադրելու համար Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն առաջարկելու է գործազուրկ անձանց տարեցի խնամքը կազմակերպել իրենց ընտանիքում: Համաձայնությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նրա ընտանիքի չափահաս անդամները նույնպես պետք է ներկայացնեն գրավոր համաձայնություն՝ ընտանիքում տարեցի խնամքը կազմակերպելու համար:

Այժմ Հայաստանում խնամատարությունը  նախատեսված է որպես երեխայի այլընտրանքային խնամք, սակայն տարբեր երկրներ, մասնավորապես՝ Շվեդիան, Ֆինլանդիան, ճապոնիան, Կանադան, ԱՄՆ որոշ նահանգներ և այլ երկրներ, խնամատարությունը կիրառում են նաև որպես տարեց, իսկ որոշ դեպքերում նաև՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տեսակ:

Նյութն ամբողջությամբ՝ Հետք