Ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին. Փաշինյան

Ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող կարծիքներին, թե Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ ցանցերի հնարավոր միավորումը ձեռնտու չէ, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն էներգետիկ ավելցուկ։

Հունվարի 29-ին կայացած ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, Փաշինյանն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն էներգետիկ ավելցուկ, ինչը նշանակում է, որ Հարավային Կովկասում շատ մեծ պոտենցիալ կա՝ միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու։ «Եվ ինչո՞ւմ կարող այստեղ լինել Հայաստանի և Ադրբեջանի շահագրգռությունը։ Հայաստանը կարող է Ադրբեջանի ցանցերն օգտագործել արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալու համար, Ադրբեջանն էլ շահագրգռված է նույն տրամաբանությամբ։ Իհարկե, նրանք շահագրգռված են նաև Նախիջևանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու հարցում։ Տեսեք, մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանի և Իրանի էներգետիկ համակարգերին, և կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։ Դա մեծացնելու է արտահանման մեր հնարավորությունները, ինչպես նաև մեծացնելու է տարածաշրջանի հնարավորությունները, որպեսզի մենք միասնական արտահանում իրականացնենք դեպի այլ շուկաներ, իհարկե, դրա անհրաժեշտության դեպքում։ Բայց դրա անհրաժեշտությունը կարող է նաև չլինել։ Ենթադրենք, ցանցը միացվեց, և իմ ասած մոդելները չեն գործում, բայց առնվազն տրանզիտի համար Հայաստանը եկամուտներ է ստանալու, այսինքն՝ մենք, բնականաբար, այս հարցով շահագրգռված ենք։ Այս դեպքում շատանալու են ոչ միայն մեր պետական եկամուտները, նաև հնարավորություններ են ստեղծվում մասնավոր ընկերությունների համար։ Էլ չեմ ասում, որ TRIPP նախագծի շրջանակներում նաև էներգետիկ նախագծեր են ենթադրվում, և որևէ մեկը չի կարող նկարագրել որևէ սպառնալիք, որ կարող է առաջանալ Հայաստանի Հանրապետության համար։ Ընդհակառակը՝ լինելու են նոր հնարավորություններ և եկամուտներ։ Եթե մենք չենք ուզում Ադրբեջանի ցանցերից օգտվել արտահանման համար, ուրեմն առնվազն իրենց կողմից մեր տարածքով էլեկտրաէներգիա արտահանելու կամ ներմուծելու տրանզիտի գումարներից մենք եկամուտներ կստանանք»,- նշել է ՀՀ վարչապետը։

Հարցին, թե կա՞ն արդյոք գործնական քայլեր, վարչապետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանք գնում է, երբ լինեն կոնկրետ պայմանավորվածություններ, դրանց մասին կհայտարարվի։ «Կա քաղաքական ըմբռնում։ Մենք վերլուծել ենք, ենթադրում եմ, որ Ադրբեջանն էլ վերլուծել է, և մենք փոխադարձաբար փորձագիտական մակարդակով էլ մենք այդտեղ սպառնալիք չենք տեսնում, ընդհակառակը՝ տեսնում ենք հնարավորություններ, մանավանդ՝ որպես խաղաղության ամրապնդման միջոց»։

Նյութն ամբողջությամբ՝ infoport