Կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը

Կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը
Քուվեյթի Պետության Առևտրի և արդյունաբերության պալատում կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Enterprise Armenia հիմնադրամի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը, որը ներկայացրել է ներդրումների աջակցման գործող գործիքակազմը։
Համաժողովը համախմբել էր Հայաստանի և Քուվեյթի գործարար համայնքների ներկայացուցիչներին՝ հանդիսանալով արդյունավետ հարթակ երկկողմ համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային հնարավորությունների քննարկման համար։
Այցի շրջանակում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Քուվեյթի Պետության էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգետիկայի նախարար, ֆինանսների գործող նախարար և տնտեսական հարցերի ու ներդրումների պետական նախարար Սաբիհ Աբդուլազիզ Ալ-Մուխայզիմի հետ:
619656439_1230189679219997_8493860267506884513_n (1).jpg (62 KB)
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում անցկացնելու և այդ նպատակով Հայաստանի Հանրապետություն նախապատրաստական այց կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր։
Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորել են շարունակական և կառուցողական երկխոսության պահպանումը՝ ընդգծելով բաց և ակտիվ հաղորդակցության դերն առաջիկա նախաձեռնությունների առաջմղման և Հայաստանի ու Քուվեյթի միջև գործընկերության ընդլայնման գործում։