Առանց Հայաստանի համաձայնության չի կարող տեղի ունենալ TRIPP զարգացման ընկերության բաժնեմասերի օտարում. Միրզոյան
Առանց Հայաստանի համաձայնության TRIPP զարգացման ընկերության բաժնեմասերի օտարում՝ նվիրում կամ վաճառք որևէ երկրի որևէ ընկերության տեղի ունենալ չի կարող․ ԱԺում վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ընկերությունների հնարավոր մասնակցության վերաբերյալ մտահոգություններին:
Միրզոյանը նախ մեջբերում արեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փաստաթղթից. «TRIPP զարգացման ընկերությունը՝ ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել TRIPP ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը»:
Ապա նա վստահեցրեց. «Առանց Հայաստանի համաձայնության՝ բաժնեմասերի օտարում՝ նվիրում, վաճառք, տեղի ունենալ չի կարող»:
Միրզոյանի խոսքով՝ դա համաձայնեցված դրույթ է: Նա վստահեցրեց՝ առանց ՀՀ համաձայնության՝ բաժնեմասում ոչ միայն Ադրբեջանի ընկերությունների, այլ նաև որևէ երկրի որևէ ընկերության մասնակցություն տեղի ունենալ չի կարող: «Բացառվում է, ՀՀ կառավարությունը պետք է իր համաձայնությունը տա»,-ընդգծեց նախարարը:
TRIPP զարգացման ընկերության 74% մասնաբաժինը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներինը, իսկ 26% մասնաբաժինը կպահպանի Հայաստանի Հանրապետությունը:
Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Շրջանակն ուրվագծում է TRIPP-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ TRIPP-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ TRIPP-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար:
TRIPP-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ: