TRIPP-ի համար սահմանվել է 49 տարի նախնական ժամկետ, ԱՄՆ-ն կունենան 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26. Միրզոյանը պարզաբանում է

TRIPP-ի համար սահմանվել է 49 տարի նախնական ժամկետ, ԱՄՆ-ն կունենան 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26. Միրզոյանը պարզաբանում է

Ակնկալվում է, որ ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով: Այդ մասին ԱՄՆ-ում կայացած հանդիպումից հետո հրապարակված տեսանյութում տեղեկացրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով համաձայնության պայմանները: 

«Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոս բաժնեմասը:

Ակնկալվում է, որ այս համագործակցութունը կերկարաձգվի ևս 50 տարով, այսինքն՝ եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա, ինչպես բոլոր պայմանագրերում այսպիսի դրույթ նախատեսվում է, և եթե կողմերը բավարարված են համագործակցությունից, ուզում են շարունել, շարունակում են, եթե՝ ոչ, և կողմերից որևէ մեկն առարկում է, չի շարունակվում:

Հիմա ակնկալվում է, որ այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի Կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 տոկոս»,- ասաց նախարարը:

Ըստ այդմ, Միրզոյանի պարզաբանման համաձայն, առաջին 49 տարում ԱՄՆ-ն կունենան 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26, և եթե կողմերից որևէ մեկը  չառարկի երկարաձգելուն, համաձայնությունը կերկարաձգվի ևս 50 տարով:

«Եվ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն ՀՀ բաժնեմասը 26 տոկոսից կբարձանա 49 տոկոսի»,-ասել է նախարարը:

ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու, կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է

Մեծ հաշվով դա բանակցությունների արդյունք է և արտացոլում է երկրների ներդրումները: Այդ մասին ԱՄՆ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է TRIPP-ի բաժնեմասերի միայն 26 տոկոսը պատկանելու ՀՀ-ին, իսկ ամենամեծ մասը՝ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին:

«Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ է անելու: Ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի, աջակցության, ներդրումների մասին, այլ՝ ֆինանսական ներդրումների մասին: ՀՀ-ն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է, մեծ հաշվով, կառուցապատման իրավունքն է:

Կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է, ընդ որում՝ խոսքը միայն առաջիկա 49 տարվա մասին է»,- ասաց նա:

Նախարարը նաև նկատեց՝ դա բիզնես մոդելի հարց է, ապա հիշեցրեց, որ երբ տարիների ընթացքում ներդրումների վերադարձն ապահովված կլինի, և պայմանագիրը կերկարաձգվի ևս 50 տարով, այդ ժամանակ բաժնեմասերի համամասնությունը կփոխվի կամ գրեթե կհավասարվի: