Օրգանական նոր նյութեր և նոր մարտկոցներ. ԵՊՀ ասպիրանտ Միքայել Չոբանյանի հետազոտությունը
Հետազոտության ընթացքի, արդյունքները և գործնական կիրառելիության մասին է զրույցը Միքայել Չոբանյանի հետ․
- Միքայե՛լ, ինչո՞վ են օրգանական պինդ մարմիններն արդյունավետ մարտկոցային տեխնոլոգիաների համար։
- Շատ նյութեր հաջողությամբ կիրառվում են լիթիում-իոնային մարտկոցներում, սակայն նատրիումայինի դեպքում կիրառելի չեն, ուստի անհրաժեշտ է գտնել կամ նախագծել այնպիսի նոր նյութեր, որոնք կհամապատասխանեն նատրիում-իոնային համակարգերի պահանջներին։ Օրգանական նյութերը նման են «աղյուսների», որոնցով կարելի է կառուցել բյուրեղային տարբեր համակարգեր՝ ապահովելով օպտիմալ պայմաններ նատրիումի փոխադրության, կայունության և էներգետիկ ցուցանիշների համար։
- Ի՞նչ նորարարական արժեք կունենա Ձեր հետազոտական աշխատանքը։
- Հետազոտության ընթացքում կփորձենք մշակել մեթոդ, որը հնարավորություն կտա արագ և բարձր ճշգրտությամբ գնահատելու, թե արդյո՞ք տվյալ օրգանական նյութը բավարար կայունություն ունի մարտկոցում կիրառվելու համար։
- Հետազոտության շրջանակում համագործակցո՞ւմ եք օտարերկրյա գործընկերների հետ։ Այժմ ի՞նչ փուլում են ուսումնասիրությունները։
- Իհա՛րկե, մենք ակտիվ համագործակցում ենք արտասահմանյան գործընկերների, մասնավորապես պրոֆեսոր Մոյսես Արաուխոյի հետ, որը ղեկավարում է Կարլստադի համալսարանի հաշվարկային նյութագիտության լաբորատորիան և համարվում է ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։ Ինչ վերաբերում է հետազոտությանը՝ այն գտնվում է ակտիվ փուլում։ Արդեն ունենք մի շարք հետաքրքիր արդյունքներ, որոնք մոտ ապագայում նախատեսում ենք հրապարակել գիտական հոդվածի տեսքով։
- Միքայե՛լ, ապագայում որքանո՞վ կիրառելի կլինեն նախագծի գիտական արդյունքները։ Այս հետազոտությունը ի՞նչ նոր հնարավորություններ կստեղծի ոլորտի զարգացման համար։
- Ստացված արդյունքները կարող են հիմք դառնալ օրգանական կաթոդային նոր նյութերի նախագծման համար։ Եթե մեր մոտեցումը հաստատի իր արդյունավետությունը, հնարավոր կլինի զգալիորեն արագացնել նոր նյութերի հայտնաբերման գործընթացը՝ նվազեցնելով փորձարարական երկարատև և թանկ աշխատանքների անհրաժեշտությունը։ Սա ճանապարհ կբացի դեպի անվտանգ, էժան և լայնորեն կիրառելի նատրիում-իոնային մարտկոցների ստեղծում։
- Ի՞նչ վերջնարդյունք եք ակնկալում ստանալ հետազոտության ավարտին։
- Հետազոտության ավարտին կստանանք մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա կանխատեսելու օրգանական կաթոդային նյութերի կառուցվածքային կայունությունն ու նատրիումի փոխադրումը։ Բացի դրանից՝ ակնկալում ենք ներկայացնել մի քանի խոստումնալից նոր նյութեր, որոնք կարող են դառնալ փորձարարական հետագա ուսումնասիրությունների հիմք։
- Արդյո՞ք Ձեր հետազոտության արդյունքները կունենան կոմերցիոն ներուժ։
- Այո՛, հատկապես եթե մշակված մեթոդը հնարավորություն տա արագ ուսումնասիրելու մեծ քանակությամբ օրգանական միացություններ։ Սա կարող է հետաքրքրել մարտկոցային տեխնոլոգիաներով զբաղվող արդյունաբերական խմբերին, քանի որ կկրճատի նոր նյութերի որոնման ժամանակը և արժեքը։
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ դերակատարում ունեն այսօրինակ աջակցության ծրագրերը երիտասարդ գիտնականների համար։
- Նման ծրագրերը չափազանց կարևոր են երիտասարդ գիտնականների համար, քանի որ հնարավորություն են տալիս իրենց ժամանակը ամբողջությամբ կենտրոնացնելու հետազոտության վրա։ Բացի դրանից՝ այսպիսի ծրագրերը՝ սկսած դիմելու գործընթացից մինչև ծրագրի իրականացումը, երիտասարդ գիտնականների շրջանում ձևավորում են կարևոր հմտություններ, ինչպիսիք են հետազոտության պլանավորումը, ֆինանսական միջոցների կառավարումը և գործընթացների կազմակերպումը։