Կեղծ գովազդի վերջը․ Չինաստանը խստացնում է առցանց առևտրի վերահսկումը
Չինաստանի շուկայի կարգավորող մարմինը և կիբեռտարածության վերահսկողության պատասխանատու կառույցները չորեքշաբթի օրը հրապարակել են երկու առանձին կարգավորող փաստաթուղթ՝ ուղղված երկրի լայվսթրիմինգ էլեկտրոնային առևտրի ոլորտի և առցանց առևտրային հարթակների վերահսկման ուժեղացմանը։ Այս մասին գրում է չինական XINHUA NET գործակալությունը։
Լայվսթրիմինգ էլեկտրոնային առևտրին վերաբերող նոր կանոնակարգը, որը համատեղ մշակվել է Շուկայի կարգավորման պետական վարչության և Չինաստանի կիբեռտարածության վարչության կողմից, սահմանում է ոլորտի մասնակիցների պարտականությունները, ինչպես նաև նրանց վարքագծի հստակ «կարմիր գծերը»։
Նոր կանոնների համաձայն՝ լայվսթրիմինգ սենյակների օպերատորներին և մարքեթինգային անձնակազմին արգելվում է զբաղվել կեղծ գովազդով, առևտրային զրպարտությամբ, ինչպես նաև անօրինական ապրանքների և ծառայությունների վաճառքով։
Երկրորդ կարգավորող փաստաթուղթը վերաբերում է առցանց առևտրային հարթակների գործունեության կանոններին և նպատակ ունի ապահովել առցանց առևտրի կանոնավոր և կարգավորված ընթացքը, ինչպես նաև պաշտպանել շուկայի բոլոր կողմերի օրինական իրավունքներն ու շահերը։
Փաստաթղթի համաձայն՝ առցանց հարթակներին արգելվում է սեփական կանոններով բիզնես գործունեության վրա անհիմն սահմանափակումներ կամ վճարներ սահմանել, սահմանափակել սպառողների իրավունքները, կիրառել տվյալահեն գների խտրականություն կամ միակողմանիորեն փոփոխել անդամակցության պայմանները։
Կանոնակարգերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով շուկայի և կիբեռտարածության վերահսկող մարմինները կուժեղացնեն միջգերատեսչական համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման և համատեղ խորհրդակցությունների միջոցով։ Միևնույն ժամանակ, առցանց հարթակներին խրախուսվում է իրականացնել ինքնագնահատում և պարբերաբար հրապարակել համապատասխանության վերաբերյալ հաշվետվություններ։