Հարցուպատասխան՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 20 % հետվճարի ծրագրի վերաբերյալ

Հարցուպատասխան՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 20 % հետվճարի ծրագրի վերաբերյալ
Անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 20 % հետվճարի ծրագրի վերաբերյալ քաղաքացիների հարցերի պատասխանները․
 
-Անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում՝ երբվանի՞ց կարող եմ ստանալ 20 % հետվճար։  
-2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։
Արդյունքում՝ կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։ Միաժամանակ, ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը։ 
- Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից արդյոք հետվճար կհաշվարկվի։
-Կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի) ինչպես նաև ֆիքսված և բջջային հեռախոսի ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվի։
- Ո՞ր բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից։
-Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ բանկերի քարտապանները՝
  •  «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ
  • «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
  • «ԱյԴի բանկ» ՓԲԸ 
  • «Արարատբանկ» ԲԲԸ
  • «Արդշինբանկ» ՓԲԸ
  • «Արցախ բանկ» ՓԲԸ
  • «Էվոկաբանկ» ՓԲԸ
  • «Ինեկոբանկ» ՓԲԸ
  • «Կոնվերս բանկ» ՓԲԸ
  • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
  • «Յունիբանկ» ԲԲԸ
- Հետվճար կստանա՞մ, եթե մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի քարտով անկանխիկ վճարումներ կատարեմ։
-Այո՛, միաժամանակ տեղեկացնում ենք, որ հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝
  • ընտանեկան նպաստ
  • սոցիալական նպաստ
  • ծերության նպաստ
  • հաշմանդամության նպաստ
  • կերակրողին կորցնելու դեպքում նպաստ
  • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ
  • երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն
  • պատվովճար
  • պարգևավճար
- Ծրագրին միանալու և հետվճար ստանալու համար արդյոք անհրաժեշտ է որևէ տեղ դիմում ներկայացնել։
- Ո՛չ, որևէ տեղ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Կենսաթոշակի կամ նպաստի անկանխիկ տնօրինման դեպքում՝ հետվճարը կձևավորվի և կփոխանցվի ինքնաշխատ եղանակով։  
-Տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ գործարքներից գոյացած հետվճարը ե՞րբ կվճարվի ինձ։
-Տվյալ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների դեպքում՝ հետվճարը կտրամադրվի մինչև հաջորդ ամսվա 25-ը։  
-Մեկից ավելի կենսաթոշակի կամ նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ինչպե՞ս է ձևավորվում հետվճարը։
-Տվյալ ամսում մեկից ավելի կենսաթոշակի կամ նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քարտերում ձևավորված ընդհանուր գումարից հաշվարկվում է հետվճարի չափը, որը չի կարող գերազանցել 10000 դրամը: Հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկված հետվճարի գումարն առավելագույնն է:  
-Հետվճարի ծրագրից արդյոք կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։
- Այո՛, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում ստանում են կենսաթոշակ կամ նպաստ, ապա անկանխիկ վճարումների դեպքում կարող են ստանալ հետվճար՝ նույն ընթացակարգով։  
- Երբվանի՞ց  պետական նպաստների վճարումը կդառնա միայն անկանխիկ։
-2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի  անկանխիկ եղանակով։
Նշենք նաև, որ հետվճարի վերաբերյալ այսօր ՖԲ  իր էջում խոսել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը․