Հայկական ԱԷԿ-ը կկանգնի երկարաժամկետ նորոգման. որ կայանները կլրացնեն նրան 2026–ին
2026 թվականին Հայկական ատոմակայանի պակասող հզորությունները լրացնելու համար անհրաժեշտ կլինի ավելացնել ջերմային կայանների արտադրանքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
Հայկական ԱԷԿ-ի պլանային վերանորոգման ստանդարտ տևողությունը տարեկան 45 օր է: Սակայն 2025-ին կայանը կանգնել է 60 օր, իսկ 2026 թվականին, ըստ նախատեսվածի, պիտի կանգնի մոտ 150 օր` մոտ հինգ ամիս, քանի որ մեկնարկում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլը (2026-36 ժամանակահատվածի համար)։ Առաջին փուլը (2016-26) շուտով կավարտվի։ Հիշեցնենք, նաև որ 2036-ին պետք է կառուցվի և շահագործման հանձնվի նոր ատոմակայան։
ԱԷԿ–ի արտադրանքի պակասը նախատեսվում է լրացնել ՋԷԿ-երի հաշվին։ Մասնավորապես, արտադրությունը կավելացնեն Երևանի նոր՝ «ArmPower» ՋԷԿ-ը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» կայանը, անհրաժեշտության դեպքում կմիացվի նաև Հրազդանի հին ՋԷԿ-ը։ Երևանի ՋԷԿ-ն աշխատում է նորմալ բեռնվածությամբ, քանի որ ներգրավված է Իրանի հետ «էլեկտրաէներգիա գազի դիմաց» համակարգում, որին առանձին դեպքերում միանում է նաև «Հրազդան-5»-ը:
Ուլիխանյանը հիշեցրել է` կառավարությունը ջերմային կայաններն ընդհանուր ցանցին միացնում է մնացորդային սկզբունքով՝ այն դեպքերում, երբ հնարավոր չէ գործարկել այլ կայաններ։ Սա պայմանավորված է բնական գազով աշխատող ՋԷԿ-երի էլեկտրաէներգիայի համեմատաբար բարձր ինքնարժեքով։
Հանրապետությունում շարունակաբար աճում է արևային էլեկտրակայանների արտադրությունը, սակայն դրանք ի վիճակի չեն ամբողջությամբ լրացնել ԱԷԿ-ին, քանի որ աշխատում են միայն ցերեկային ժամերին։ Անգամ այդ ժամերին դրանց արտադրանքն արդեն իսկ այնքան շատ է, որ պետությունը (ի դեմս Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատորի) ստիպված է պակասեցնել ՋԷԿ–երի արտադրանքը, քանի որ արևային կայանների մեծ մասին պետությունը խոստացել է գնել իրենց արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան։ Սակայն երեկոյան և գիշերային ժամերին ստիված պետք է կրկին ավելացնել ՋԷԿ–երի աշխատանքը։ Ուլիխանյանը նշել է, որ 2026 թվականին այս խնդիրը ավելի կսրվի։
Նա ընդգծել է, որ խոշոր ջերմային կայանները տեխնիկապես նախատեսված չեն այդքան հաճախակի անջատում–միացումների համար. դա թույլատրելի է միայն տարեկան մի քանի անգամ: Դեկտեմբերի 24-ին կայացած ՀԾԿՀ նիստում «ArmPower»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման պայմաններում ընկերությունը կարող է պահանջել չնախատեսված վերանորոգման ծախսերի փոխհատուցում:
«Կայանը գործում է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի շրջանակներում, ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է ուսումնասիրել կողմերի իրավունքներն ու պարտականությունները», - նշել է Ուլիխանյանը:
Խոսելով 2026 թվականի հեռանկարներից՝ նա տեղեկացրել է, որ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» կառուցվող արևային կայանն առաջիկա ամիսներին դժվար թե շահագործման հանձնվի, քանի որ դրա ներդրողները դեռ չեն դիմել հոսանքի արտադրության լիցենզիա ստանալու համար։