Արհեստական բանականությունը դեռ սովորելու կարիք ունի, ճաքը ճաքալցումից չի տարբերում. Ավինյան

Արհեստական բանականությունը դեռ սովորելու կարիք ունի, ճաքը ճաքալցումից չի տարբերում. Ավինյան

Մենք պետք է իրական կյանքում հասկանանք՝ թե մեր արհեստական բանականությունն ինչքանով է  ճշգրիտ  արձանագրել  խնդիրները։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով արհեստական բանականության օգտագործմամբ տարածատեղեկատվական տվյալների հավաքագրմանը և վերլուծությանը։

Դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության և բարեկարգման վարչության հպետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանին, քաղաքապետը շեշտոց. «Ինձ թվում է այնտեղ որոշակի, այնուամենայնիվ, ճշգրտումների կարիք կա, որովհետև արհեստական բանականությունը դեռ սովորելու կարիք ունի և այսուհետ ինչ-որ մի փուլից սկսած, դա ձեր քարտեզն է լինելու, և դուք պարտավոր եք լինելու ինքնուրույն վարել այդ քարտեզը, օգտվել այդ քարտեզից և աշխատանքները պատվիրելիս առաջնորդվել նաև այս քարտեզով, որը պարտադիր չի միայն արհեստական բանականությամբ արվի։ Նաև ձեր աշխատակիցները պետք է աշխատեն, որպեսզի հստակ և ճշգրիտ լինի, բայց վերահսկողության տեսանկյունից ինքը շատ լուրջ գործիք է»։

«Այո, իրականում ճաքերի դեպքում միանշանակ արհեստական բանականությունը կարող է դեռ չտարբերակել ամբողջական խնդրահարույց ճաքը արդեն իսկ ճաքալցվածից, բայց փոսերի մասով վստահ եմ՝ հիմնականում ճիշտ է արձանագրում։ Մեկ-երկու մասնագետ էլ դուք պետք է ունենաք, մինչև հաջորդ տարվա վերջ այս խնդիրը ձեր տիրույթ պետք է գա, դուք պետք է վարեք այս քարտեզը»,- հանձնարարեց Ավինյանը։