Ակունքում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում
ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Ակունքի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, Ակունքի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 939 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Ակունքի Բարեկամության փողոցում՝ 2195 գծամետր ընդհանուր երկարությամբ, տնային միացումներով։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Արտ Պլաս» ՍՊԸ-ն, մեկնարկել են օգոստոսին և արդեն իրականացվել են շուրջ 70 տոկոսով։
Ծրագրի շահառու է հանդիսանում 110 տնտեսություն։
«Բարեկամություն փողոցի տնտեսությունների համար կառուցված ջրատար ներքին ցանցը հիմնականում քայքայված էր, ջրի կորուստները շատ էին, ինչի պատճառով ջրամատակարարումն անկանոն էր իրականացվում, մեծ դժվարությամբ։ Այժմ նոր ցանցը կառուցվում է պոլիէթիլենային խողովակներով, որի շահագործումից հետո արդեն թաղամասի բնակիչները կապահովվեն շուրջօրյա ու որակյալ խմելու ջրով»,-ներկայացրեց Նիկոլա խաչատրյանը։