Արսեն Թորոսյանը հերքել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին տեղեկությունը

Արսեն Թորոսյանը հերքել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին տեղեկությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանի հնչեցրած հայտարարությունը, թե իբր կառավարությունը մտադիր է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։

Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հերթական նորաթուխ «փորձագետը» արդեն ավանդական դարձած հիբրիդային հարձակումների շրջանակներում livenews-ի եթերում հերթական սուտն է հրամցնում հասարակությանը, թե իբր մենք պատրաստվում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Ու դա անում է դեմքի այնպիսի լրջությամբ, իր կողմից հորինված փաստարկների այնպիսի գերդոզավորմամբ, որ սկսում ես զարմանալ վերջինիս դերասանական հմտությունների վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս օրերս Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ այս թեմային՝  հստակ նշելով, որ նման հարց չի քննարկվում: Չեմ զլանա նորից ասել` սա հերթական անամոթ սուտն է` օրը ցերեկով»։

Նշենք, որ Հայաստանում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Իսկ 35 տարի և ավել աշխատանքային ստաժ ունեցող,  չաշխատող անձինք՝ 62 տարեկանից։ 

Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: