Ֆիզիկական անձի կողմից մեքենա վաճառելիս ԱԱՀ չի կիրառվի. Թունյան

Ֆիզիկական անձի կողմից մեքենա վաճառելիս ԱԱՀ չի կիրառվի. Թունյան

Երկու կարևոր բան կա էլեկտրամոբիլների հետ կապված, որ մեր հայրենակիցներից շատերն են հարցնում. առաջինը վերաբերում է ձիաուժերին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Այդ խնդիրը կա: Նույն մեքենայի համար, նույն տեխնիկական բնութագրիչներով, որոշ դեպքերում շատ բարձր կամ, այսպես ասած, մարքեթինգային ձիաուժն է վերցվում և բարձր գույքահարկ է դրա համար հաշվարկվում, և կան դեպքեր, երբ մարդիկ փորձաքննություն են անցնում, բավական մեծ գումար դրա համար վճարելով, որի հիման վրա ձիաուժերն ավելի պակաս են վերցվում և ավելի քիչ գույքահարկ են վճարում»,- պարզաբանեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է 1 տարով ԱԱՀ-ից ազատման արտոնության երկարաձգումն այն քաղաքացիների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծում: 

Թունյանը տեղեկացրեց՝ հարցը Կառավարությունում քննարկվել է:

«Հիմա աշխատում են, որպեսզի լինի համակարգ, որտեղ ԵԱՏՄ-ի ռեեստրից ելակետային տվյալները կվերցվեն, և փորձաքննության կարիք չի լինի, այսինքն՝ այս հարցի լուծումն առաջիկա օրերի ընթացքում կլինի»,- տեղեկացրեց նա:

Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին, ըստ պատգամավորի, տեղեկություն է տարածվում, որ քանի որ ԱԱՀ-ի արտոնությունը կիրառվելու է միայն մինչև 2 տարվա հնության մեքենաների համար, դա նշանակում է, որ հետագայում, եթե 3-4-5 տարվա վաղեմության իր էլեկտրամոբիլը մարդը կվաճառի, ապա ԱԱՀ է վճարելու:

«Ուզում եմ ասել՝ նման բան չկա, և ԱԱՀ-ն ֆիզիկական անձի կողմից մեքենան վաճառելու դեպքում՝ ոչ միայն էլեկտրամոբիլ, այլև ցանկացած այլ մեքենա, չի կիրառվում: Այս ինֆորմացիան սխալ է:

Երրորդ կարևոր բանը. մեզ շատ քաղաքացիներ դիմում են, ասում են՝ մենք արդեն մեքենաները պատվիրել ենք, դրանք արդեն ճանապարհին են, չգիտեինք, որ 2 տարվա սահմանափակում է լինելու, պարոն Պապոյանը (էկոնոմիկայի նախարար - խմբ.) ճիշտ է ասում, որ իրենց ոչ ոք չէր խոստացել, որ այս արտոնությունը երկարաձգվելու է, բայց ամեն դեպքում մարդիկ, դատելով մեր ուղերձներից, ենթադրել են, որ նույնկերպ այդ արտոնությունը շարունակվելու է, և արդեն մեքենաներ են պատվիրել»,- նշեց Թունյանը՝ ընդգծելով՝ մինչև երկորրդ ընթերցում կփորձեն հասկանալ՝ հնարավո՞ր է այնպես անել, որ արդեն ճանապարհին գտնվող էլեկտրամոբիլների համար, որոնք երկու տարուց հին են, խնդիրը լուծել: